Hraparak.am-ը գրում է.

«Իմ քայլի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով մինչեւ վերջերս հայտարարում էր, թե Սյունիքում անվտանգ է, երեկ մեր հարցին՝ այսօր է՞լ է նման բան պնդում, չցանկացավ պատասխանել։ Փոխարենը նա էլ կրկնեց, թե Սյունիք ներխուժած ադրբեջանցիների մոտ կեսը նահանջել է։ Թեպետ մենք Սյունիքից լուրեր ենք ստանում, որ իրավիճակը կայուն անփոփոխ է, հարցրինք՝ նրանց ակնկալիքները բավարարվե՞լ են։ «Այլ տարբերակ չկա, իրենք պետք է հեռանան, հիմա հարյուրից մի քիչ ավել են»։ Բայց 600-ի կեսը հարյուրը չէ։ «Չկա 6 հարյուր, ես չգիտեմ՝ ով ինչ թիվ է հայտարարել»։ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստում հայտարարել 600-ի մասին։․ «Հա, էս պահին, իմ տվյալներով, 150-200 մարդ  կա, բայց խնդիրը թվաքանակն էլ չէ, եթե մի հոգի էլ կա, ապա դա խնդիր է, ես համարում եմ իրավիճակը ճգնաժամային, բոլոր միջոցները պետք է ձեռնարկել՝ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ քաղաքական, որպեսզի հարցերը շատ արագ լուծում գտնեն»։

Հիմա մեզ քաղաքական եւ դիվանագիտական հարթակում սահմանազատման եւ սահմանագծման հարց դեմ տվեցին, մի՞թե հնարավոր չէր սեփական ուժերով լուծել 150 ադրբեջանցու հարց, որ իրավիճակը չբարդանար։ «Մենք չէինք կարող բախումների տանել, եւ այսօր էլ չկան բախումներ, բայց, կրկնում եմ՝ իրավիճակը համարում եմ ճգնաժամային»։ Ինչ վերաբերում է երրորդ փաստաթղթին․ «Այն բացարձակապես բխելու է ՀՀ շահերից»։ Դուք նոյեմբերի 9-ի հայտարարության մասին էլ էիք ասում, թե իբր 25 հազար կյանք եք դրանով փրկել։ «Սահմանների հետ կապված խնդիրները լուծվում են պահի տակ ձեւավորված բանակցային պրոցեսներից, մի կողմից՝ այս գեներալն է մասնակցում, մյուս կողմից՝ այն, իսկ նոր փաստաթղթով կձեւավորվի մասնագիտական հանձնաժողով, եւ ոչ թե ինչ-որ գեներալ կա՛մ նրանց կողմից գա, կա՛մ մեր, ու բանակցություններն արդյունք չտան»։

Կարծում եք՝ գեներալների պատճառո՞վ  ձախողվեցին բանակցությունները։ «Ոչ, պարզապես Ադրբեջանն ուզում է հնարավորինս երկար պահել այս իրավիճակը, պատահական չէ, ես վստահ եմ, որ  ընտրություններից առաջ այս պրոցեսն անմիջական կապ ունի Հայաստանում քաղաքական գործընթացների հետ, եւ ադրբեջանցիները հնարավորինս ուզում են մխրճվել եւ ազդեցություն ունենալ այդ քաղաքական գործընթացների մեջ։ Սա իշխանությունների դեմ իրականացված բան է»։

Ալիեւն ինչո՞ւ պիտի ուզենա, որ Նիկոլ Փաշինյանը զրկվի իշխանություններից, եթե ինչ ուզում է, խելոք տալիս է, անգամ հրապարակավ չի պատասխանում ստորացումներին։ «Ինքն ինչ ուզում է, Փաշինյանը չի տրամադրում, փաստն այն է, որ Ալիեւն ընտրություններից առաջ ամեն ինչ անում է, որ վարկաբեկի ՀՀ իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, Ալիեւն օր առաջ ուզում է ազատվել այս իշխանություններից։ Հակառակ դեպքում այս պահին նման բաներ չէր անի, նա սադրում է, եւ եթե միջազգային լուրջ ճնշումներ չլինեն, այդ սադրանքները կշարունակվեն»։

ԲՀԿ-ն լքած, այժմ «Իմ քայլի» շուրջը պտույտ տվող եւ իշխանական ցուցակում ընդգրկվելու հավակնություններ ունեցող Սերգեյ Բագրատյանը, ով Վայոց Ձորի եւ Արարատի մարզերից է պատգամավոր դարձել, մեզ հետ զրույցում ասաց՝ ով ասում է, թե Քյարքին տալու ենք, գլուխը պատովն է տալիս․ «Ես հստակ գիտեմ, որ չեն տալու»։ Նույնիսկ իշխանական պատգամավորները չգիտեն, Դուք որտեղի՞ց գիտեք։ «Միջազգային հարաբերությունների փորձով․ երբ բնակեցված է լինում այդ տարածքը, բանակցում են եւ փոխանակում որոշակի հատվածի հետ, դիցուք 10 ք/կմ է, ինչ-որ տարածքից պիտի հարմարացնեն տան չբնակեցված, որ քաղաքացիները չտուժեն»։ Մեր դիտարկմանը՝ ինչպես Արցախի բնակեցված տարածքները տվեցին կամ Կապան-Գորիս ճանապարհահատվածը, այնպես էլ սա կտան, Բագրատյանը կրկին չհանձնվեց, ավելին՝ ասաց, թե չի բացառվում սահմանագծման ժամանակ նշված ավտոճանապարհն էլ հետ վերցնենք․ «Ես վստահ եմ, որ կլուծվի այդ խնդիրը, ադրբեջանական կողմը կհեռանա այդ տարածքից»։
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/55edded63b77c85df7280874532b475e

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել