ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով սպանել են ՀՀ զինծառայողի:
Փաստերի համաձայն` այսօրվա միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաև ՀՀ քաղաքացիական բնակչության համար: Խոսքն այն վայրերի մասին է, որոնք ծառայում են խոտհարք ու արոտավայր քաղաքացիական բնակիչների համար: Նրանք այդ վայրերում արածեցնում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին, ինչպես նաև բնակվում են գարնան, ամառվա ու աշնան ամիսներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ (օրինակ՝ նրանց անօրինական առաջանալու փորձերը Խոզնավար, Վերիշեն, Ակներ, Կութ, Այրք, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և այլն):
Այդ արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպանության ու գերեվարելու սպառնալիքներ տալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:
Ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Պետք է հաշվի առնել պատերազմից հետո ադրբեջանական զինվորականների պարբերական հանցավոր արարքները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը ու գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը կոպիտ խախտելը, ՀՀ սահմանային բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալը, ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր):
Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
May be an image of nature
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել