«Այսօր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու վերջին օրն է՝ վաղը կիմանանք, թե որ ուժերն են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակները, ապագա պատգամավորների փաստաթղթերը, և կթևակոխենք հաջորդ փուլ՝ փաստաթղթերի ստուգման ու մասնակիցների գրանցման փուլը։ Դատելով նախապատրաստական փուլի իրադարձություններից և հավակնորդների արած հայտարարություններից՝ այս անգամ մասնակիցների պակաս չենք ունենա։

Հակառակը՝ թերևս այս ընտրություններն աչքի կընկնեն կուսակցությունների և դաշինքների աննախադեպ քանակով, ինչը մի կողմից լայն ընտրության հնարավորություն է ստեղծում՝ ամեն մեկն իր ճաշակին հարմար թեկնածու գտնելու առումով։ Լավ է նաև այն իմաստով, որ ինչքան թեկնածուները շատ են, այնքան քվեարկության գնացողների քանակն էլ մեծ կլինի, և անիմաստ էին այն մտավախությունները, թե մասնակցության ցածր տոկոս է գրանցվելու։ Անգամ սոցհարցումների արդյունքներն են արդեն ցույց տալիս՝ ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրած անձանց քանակն անշեղորեն նվազում է, և դա լավ է։

Բայց մյուս կողմից խիստ մեծանում է այս բազմազանության մեջ չկողմնորոշվելու հավանականությունը։ Առհասարակ՝ երբ շատ մեծ է ընտրությունը, մարդը, որպես կանոն, ավելի վատ է կողմնորոշվում, և սխալվելու աստիճանն էլ մեծանում է։ Մանավանդ մեր քաղաքական ուժերն ու գործիչները չեն փայլում ազնվությամբ և անկեղծությամբ, ստախոսությունն էլ դարձել է մեր կյանքի անբաժան մասը, ուստի կողմնորոշվել, թե ով է ավելի արժանի, ում գործուղել խորհրդարան, բավականին բարդ է։ Կհասցնե՞ն ընտրողներն այս կարճ ժամանակամիջոցում թացը չորից զատել և ճիշտ ընտրություն կատարել՝ վստահ չեմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել