Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է: Մինչ բժիկները պայքարում էին  նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողները  պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ  վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով,  հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն է  ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել