Armeniasputnik.am-ը գրում է.

Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի և ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասևիչի ձերբակալության շուրջ միջազգային սկանդալը նոր թափ է հավաքում։ Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ՛Լիրին ինքնաթիռի հարկադիր վայրէջքն առևանգում է անվանել՝ մեղադրելով Բելառուսի իշխանությանն այդ առևանգմանը մասնակից լինելու մեջ: Նա ենթադրել է, որ Մինսկում շտապ վայրէջք կատարած չվերթից «իջել են նաև ԿԳԲ-ի գործակալները»:

Ի՞նչ է տեղի ունեցել

Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրության պատճառով, որը, ինչպես հետագայում պարզվեց, կեղծ էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է տվել «ինքնաթիռը շրջել ու ընդունել», նախագահի հանձնարարությամբ օդանավը ուղեկցելու համար ՄիԳ-29 կործանիչ է երկինք բարձրացրվել:

Այս չվերթով մեկնում էր Պրոտասևիչը՝ Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram ալիքի հիմնադիր ու նույնպես ծայրահեղական ճանաչված «Беларусь головного мозга» Telegram ալիքի գլխավոր խմբագիրը: Նրան ձերբակալել են փաստաթղթերի ստուգման ժամանակ։ NEXTA-ի Telegram ալիքն անցյալ տարի Բելառուսում ամառային բողոքների համակարգման համար առանցքային տեղեկատվական հարթակներից էր:

Հիմա Բելառուսում Պրոտասևիչին մեղադրում են «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» (դրանով կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ) ու «Հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողությունների կազմակերպում» (մինչև երեք տարի ազատազրկում) քրեական հոդվածներով: Բացի այդ, գործ է հարուցվել «Դիտավորյալ գործողություններ կատարելու մասին, որոնք ուղղված են մասնագիտական պատկանելության հատկանիշներով սոցիալական թշնամանք հարուցելուն» հոդվածով (առավելագույն պատիժը 12 տարի է):

Արևմտյան բազմաթիվ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ կոչ են արել միջադեպի միջազգային հետաքննություն իրականացնել։ Նրանք գնահատել են դա որպես երրորդ երկրի տարածքում ԵՄ-ի երկու պետությունների միջև թռիչք իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջք: Պաշտոնական Մինսկից պարզաբանումներ են պահանջել Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի ղեկավարությունը, ինչպես նաև Գերմանիայի իշխանությունը: Կոչեր են հնչում նաև խստացնել պատժամիջոցները Բելառուսի իշխանության նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն ասել է, որ Լոնդոնը դաշնակիցների հետ աշխատում է Ryanair-ի հետ կապված միջադեպին համակարգված պատասխան տալու ուղղությամբ, ներառյալ նոր պատժամիջոցները: Նա կոչ է արել ICAO-ին արտակարգ հանդիպում անցկացնել՝ Մինսկին մեղադրելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային նորմերը խախտելու մեջ, նաև պատասխանատվության ենթարկել Լուկաշենկոյին:

Բելառուսի ԱԳՆ-ն իր հերթին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպը պետք է դիտարկել անվտանգության տեսանկյունից, որն ապահովվել է: Նրանք պատրաստ են ընդունել փորձագետների ու ցույց տալ Ryanair-ի չվերթի հետ կապված բոլոր նյութերը։

Գերատեսչությունում կարծում են, որ ինքնաթիռի հետ կապված իրավիճակում Մինսկի գործողությունները համապատասխանել են միջազգային սահմանված կանոններին:

Բելառուսում ստեղծվել է Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված իրավիճակի հետաքննության հանձնաժողով։ Բեռալուսի ԱԳՆ-ն ասել է, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննության հանգամանքները մոտ ժամանակներս կհրապարակվեն:

Ինչպե՞ս են գտել Պրոտասևիչին

Մինսկի օդանավակայանում Ռոման Պրոտասևիչի հետ ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան:

Բելառուսի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սապեգայի գործողություններն օգնել են հայտնաբերել Պրոտասևիչին Ryanair ինքնաթիռում: Նա լուսանկար է ուղարկել մեկ այլ ընդդիմադիր բլոգերի, որը հրապարակել է լուսանկարն իր ալիքում։ Դրանից հետո ոստիկանությունն իմացել է, որ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող NEXTA-ի նախկին գլխավոր խմբագրն ինքնաթիռում է:




Էլ ե՞րբ են ինքնաթիռ «նստեցրել»

Պետք է նշել, որ ինքնաթիռների վայրէջքի նման դեպքեր նախկինում էլ են տեղի ունեցել։ Այսպես, 2013 թվականի հուլիսի 3-ի գիշերը Մոսկվայից ուղևորվող Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ավստրիայում այն բանից հետո, երբ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան փակել են իրենց օդային տարածքն օդանավի համար:

Լուրեր էին պտտվում, որ նախագահի հետ ինքնաթիռում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որն ԱՄՆ-ում մեղադրվում է պետական գաղտնիքի հրապարակման մեջ: ԱՄՆ-ն պահանջել է խուզարկել Բոլիվիայի նախագահի օդանավը։ Էվո Մորալեսի օդանավը խուզարկել են Վիեննայի օդանավակայանում, սակայն Սնոուդենին չեն հայտնաբերել: Մադրիդը, Փարիզը, Հռոմն ու Լիսաբոնն ավելի ուշ Լա Պասից ներողություն են խնդրել նախագահական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել