Pastinfo.am-ը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է տրվել 1,222 անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք, վիրավորում, հիվանդություն ստացած 1,222 անձի սահմանվել է հաշմանդամություն»։ Նրանցից 111-ը ստացել է առաջին կարգի, 348-ը՝ երկրորդ, 763-ը՝ երրորդ կարգի հաշմանդամության կարգ։

Հաշմանդամության կարգը որոշվում է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում՝ որն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։

Հաշմանդամության խումբ սահմանելուց հետո քաղաքացիներն օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից և արտոնություններից, ըստ անհրաժեշտության՝ անվճար տրամադրվել և տրամադրվում են աջակցող միջոցներ։

Նախարարությունից հավելել են, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի և Արցախի քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրամադրվում։

3,000,000 դրամ միանվագ աջակցություն է տրվում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին։ 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ, իսկ 3-րդ խմբի դեպքում սահմանված է միանվագ 1,000,000 դրամ։

Անկախ հաշմանդամության կարգից՝ վիրավոր զինծառայողները ստացել են 500 հազար դրամ միանվագ աջակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել