News.am-ը գրում է․

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դադարեցնում է կապերն ԱՄՆ անվտանգության ուժերի հետ՝ շարունակելով մեղադրել Վաշինգտոնին 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ, հայտնում է Middle East Eye-ն:

Սոյլուն դադարեցրել է համատեղ նախապատրաստումն ու ծրագրերը Թուրքիայի եւ Ամերիկայի ոստիկանական ուժերի միջեւ, մերժել է Միացյալ Նահանգներին վաղ հասանելիությունը կասկածյալների վերաբերյալ թուրքական ոստիկանության տվյալներին եւ հրաժարվել է ամերիկյան գործընկերներին տեղեկացնել Թուրքիայում հետաքննությունների ընթացքի մասին, հայտնել է թուրք պաշտոնյան MEE-ին:

«Սակայն դա լիովին չի խոչընդոտել ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցությանը, քանի որ նրանք կարողացան համապատասխան տեղեկություններ ձեռք բերել  հետաքննության ավարտից եւ դատարան փոխանցումից անմիջապես հետո»,- ասել է պաշտոնյան՝ չհայտնելով իր անունը:

Սոյլուի եւ Վաշինգտոնի միջեւ թշնմանքը երկար տարիների պատմություն ունի: 2018-ին Թրամփի վարչակազմը ժամանակավորապես սանկցիա կիրառեց Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրունսոնի ձերբակալման եւ կալանավորման հետ հետ կապված:

Հաջորդ տարի ԱՄՆ-ը նորից պատժամիջոցներ կիրառեց Սոյլուի եւ այլ թուրք պաշտոնյաների նկատմամբ Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի դեմ Թուրքիայի հարձակման ֆոնին: «Վերջին պատժամիջոցից ի վեր սեփականության իմ հռչակագրում փոփոխություններ չեն եղել,- կատակել էր նա այն ժամանակ:- ԱՄՆ-ում ես անշարժ գույք չունեմ»:

Սոյլուին մոտ մարդիկ, ME-ին ասել են, որ նա միշտ կասկածանքով էր մոտենում ԱՄՆ-ին, եւ նրա դեմ պատժամիջոցները միայն մոտեցրին ԱՄՆ անվտանգության համագործակցությունը դադարեցնելու նրա քայլերը:

«Հուլիսի 15-ը [2016 թվականի հեղաշրջման փորձը] Թուրքիայում տեղի ունեցավ նրանց [ԱՄՆ] պատվերով»,- չորեքշաբթի հեռուստատեսային մեկնաբանություններում ասել էր Սոյլուն: «Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Միացյալ Նահանգները պատասխանատու են հուլիսի 15-ի իրադարձությունների համար: ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների համար ամենակարեւոր օպերացիոն գործընկերն է»:

Սոյլուն նաեւ հայտնել է, որ համաձայն չէ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ հանդիպմանը` չնայած դեսպանատունը պնդում էր դա: «Ես նրան ոչ մի ընդունելություն չեմ նշանակելու: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե նրանք սկսեն հարգանք ցուցաբերել այս երկրի նկատմամբ»,- ասել է նա:

ԱՄՆ-ի հասցեին նույն մեղադրանքները նախարարից հնչել էին դեռ փետրվարին, ինչը դատապարտում եւ հերքում էր ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել