News.am-ը գրում է.

Օրեր առաջ NEWS.am–ը գրել էր, որ հաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Հայտնել էինք, որ նման որաշման պատճառը  Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններն են։ Մեր տեղեկություններով՝ Մեսրոպյանին տևական ժամանակ է չի հաջողվում մարզում ինքնուրույն  որոշումներ կայացնել։

Վերջին շրջանում Մեսրոպյանը փորձել է փոփոխություններ իրականացնել մարզի դպրոցների խորհուրդների կազմում և Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդկանց փոխարինել յուրայիններով, ինչը միանշանակ չի ընդունվել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Վերջինս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի միջոցով հորդորել է Մեսրոպյանին ինքնակամ դիմում գրել և հեռանալ։ Ավելին, պարզվում է Պետրոսյանն այս ընթացքում բանակցություններ է վարում նոր մարզպետի նշանակման հարցով։ Թեկնածուներից մեկը Լեռնանիստ համայնքի ղեկավար  Արտյոմ Հայրապետյանն է, որի հետ Ռոմանոս Պետրոսյանը ջերմ հարաբերություններ ունի։ Քննարկվել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս, սակայն մերժել է առաջարկը՝ նշելով, որ չի ցանկանում հերթական անգամ հանրային պարսավանքի թիրախում հայտնվել։

Մեր տեղեկություններով՝ Մեսրոպյանի հրաժարականի դիմումը Փաշինյանին անձամբ ներկայացրել է Սուրեն Պապիկյանը, սակայն վարչապետի պաշտոնակատարը բարկացել է՝ նշելով, որ հիմա դրա ժամանակը չէ, սահմանում իրավիճակը լարված է, և ինքն այս փուլում չի կարող ընդունել դիմումը։ NEWS.am-ը փորձեց կառավարությունից ճշտել՝ արդյոք նման դիմում ստացել է վարչապետը։ Ի պատասխան՝  կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Մեսրոպյանը հրաժարվել էր մեկնաբանել լուրը։ Մեր տեղեկություններով՝ Մեսրոպյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները, սակայն քաջ գիտակցում է, որ շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին։ Մեսրոպյանն ընկերական շրջապատում նեղսրտել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում իրեն ավելի էին արժևորում, քան որպես մարզպետ։ Պատերազմից և կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո ստանձնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը Մեսրոպյանը արդեն հասցրել է մականուն ձեռք բերել։ Մարզում նրա մասին արտահայտվելիս շատերը գործածում են  «կապիտուլյանտ մարզպետ» որակումը։ Այդպես էր նրան անվանել Պռոշյան գյուղի  բնակիչներից մեկը, երբ մարզպետն այցելել էր պատերազմում Կոտայքից ամենից շատ զոհեր տված գյուղական համայք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել