Tert.am Լife-ը գրում է.

Լուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։

Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։

Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։

Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։

«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող  իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։ Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։ Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։

Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները  2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։

«2014 թվականից խաղում ենք այս ներկայացումը։ Ոչ թե տարեցտարի, այլ ներկայացում առ ներկայացում զգացողությունները փոխվում են․ դժվարանում եմ դա բացատրել, բայց այդ ամենը տեղի է ունենում հենց ներկայացման ժամանակ։ Ըստ իս՝ այս ներկայացումը կազմված է ոչ թե երկու, այլ երեք դերասանից, երրորդը հանդիսատեսն է, որի էներգիայից, տված ազդակներից կախված է քո ներկայացման ձևը՝ հուզականության, ասելիքի ծավալը»,– ասաց դերասանուհին ու նկատեց, որ սա ֆիզիկական իմաստով ակտիվ ներկայացում չէ, ինչը բարդացնում է աշխատանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել