Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Խնածախ համայնքի հովվի ձիերին ադրբեջանցիները նախօրեին գողացել են: Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ու վստահեցնում՝ համայնքի տարածքից չեն գողացել կենդանիներին, մեծ ցանկության դեպքում անգամ չէին էլ կարող, պարզապես ձիերը առաջացել էին դեպի դիրքեր։

«Երկու ձի են տարել, բաց չեն մտել տարածքից գողացել տարել։ Միշտ էնպես է եղել, որ մեր հովիվները տարել են այդ տարածքում արածացնելու, հիմա իրենք էլ չեն թողնում՝ իրենց վարչական տարածքն է, եթե հավատալու լինենք այդ քարտեզներին, իրենք արգելում են, որ մեր անասունները այդ տարածքում արածեն։ Երկու ձի է եղել գյուղում կապած, բաց են ընկել գնացել են սահմանի մոտ, սահմանը հենց մի քիչ հատել են, իրենք էլ առիթից օգտվել են վերցրել են ձիերին»։

Ներսես Շադունցը տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ կարողացել են ադրբեջանական կողմից գողացած կենդանիներին վերադարձնել, այս անգամ ևս դիմել են ռուսական կողմին։

«Մի տասը օր առաջ ռուսների միջամտությամբ յոթը խոշոր գլուխ անասուն հետ են բերել։ Հիմա իրենց նորից տեղյակ են պահել, բայց չգիտեմ։ Ռուսները զգուշացրել են, որ ասեք, թող ֆերմերները անասուններին պահեն, չանցնեն էնտեղ, որովհետև դժվար են կարողանում հետ բերել»։

Չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները երկու օր առաջ առաջացել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Ըստ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Հայաստանի տարածք անցած նոր զինվորների թիվը 30-նն է։ Նախօրեին համայնքի ղեկավարը մի շարք գյուղացիների հետ բարձրացել է հենակետեր։

«Երեկ չէ առաջին օրը օրվա երկրորդ կեսին արդեն տեղեկություն եղավ, որ ադրբեջանական կողմը մտել է սահման, ոչ թե եկել են, որ մտնեն դիրքավորվեն, այլ այստեղով անցնեն, իրենց վերևի դիրքը համալրում անեն։ Մի հատվածը չենք հասցրել, մյուս հատվածը կեսից տարել հետ ենք տվել։ Նույն թուրքը նույն նախկին վախկոտ թուրքն է։ Չեք պատկերացնի ինչ վախկոտ են։ Շատ են լինում, դուխները իրենց ուտում է։

Չորս հոգով 12 հոգու տփել-լարել ենք, 50 տարեկան մարդ եմ ես, ինձնից ինչքան ուժեղ ջահելներ կան։ Հլը բախտները բերել է մեր ջոկատի տղաները մի քիչ ուշ են հասել, թե չէ սաղին մորթել էին։ Մի կերպ ենք համոզել պահել մեր տղերքին։ Նույն վախկոտ թուրքն է, խուճապի մատնվել պետք չէ, մի քիչ համբերում ենք, մի քիչ իրար ենք գալիս ու սաղ լավ է լինելու»,- ասաց Շադունցը։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Խոզնավարի տղաներն էլ ձորում մյուս հատվածն են հսկել։ Մյուսներն էլ գյուղում են եղել՝ բնակիչների հետ։ Շադունցը նաև անդրադարձավ գյուղից երեխաներին դուրս բերելուն, նշեց, որ գյուղում խուճապ չկա, ադրբեջանական ջրաղացին ջուր լցնել պետք չէ։

«Կարող է մի երկու ծնող է եղել, որ երեխեքին հանել են, բան չունեմ ասելու, բայց ընդհանուր առմամբ ժողովուրդը չեն վախենում, խուճապի մեջ չեն»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել