Armeniasputnik.am-ը գրում է.

ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համար պայմաններ ստեղծելը միության երկրների ղեկավարների աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցակվում է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն գազի գնագոյացման մոտեցումները, այլև սահմանվեն գազի փոխադրման սակագները։ Այս սակագները պետք է գործեն թափանցիկության հիման վրա և առանց երկրներից որևէ մեկի հանդեպ խտրական մոտեցման:

Փաշինյանը նշեց` ԵԱՏՄ-ի ստեղծման մյուս առաջնահերթությունը փոխադարձ առևտրում խոչընդոտների և սահմանափակումների հայտնաբերումն ու վերացումն է։ Այս աշխատանքը կատարվում է, առանց չափազանցության, միության ողջ գոյության ընթացքում։

«Չնայած առկա տարաձայնություններին և ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ճանապարհին առկա օբյեկտիվ դժվարություններին` երկրները շարունակում են կառուցողական լուծումների որոնումը»,– հավելեց նա։

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` երկրները կշարունակեն բարենպաստ պայմաններ ձևավորել ձեռնարկատիրական ակտիվության վերականգնման և միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման համար։

«ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը ցույց տվեց իր պահանջվածությունը և արտաքին առևտրային համագործակցությունը»,– շեշտեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս առողջապահության ոլորտի համագործակցությանը, հիվանդությունների համատեղ կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին։

«Ուզում եմ կարևորել ռազմավարական կարևոր դեղամիջոցներով ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը, ինչպես նաև նոր դեղամիջոցների արտադրությունը, որը պետք է սկսվի միությունում», - հավելել է նա։

Նրա խոսքով`ինտեգրման ամրապնդման համար առավել քան երբևէ կարևոր են ինտեգրման ամրապնդմանն ուղղված նախագծերը։ Դրա համար կարող է ներդրումների նոր հիմնադրամների կարիք լինել։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց` ենթակառուցվածքների արդյունաբերության զարգացման համար պետք է շարունակել աշխատանքը մասնագետների պատրաստման, այսինքն՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Այդ կապակցությամբ կարևոր է մշակել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ։

«Այստեղ ուզում եմ նշել հուլիսի 1-ից փորձնական շահագործման դրված աշխատանքի որոնման միասնական համակարգի կարևորությունը։ Աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ են ի հայտ գալիս թե՛ սեփական երկրում, թե՛ մեր հնգյակի այլ երկրներում»,-նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ նավթի և գազի միասնական շուկան ԵԱՏՄ-ում պետք է սկսի գործել 2025թ․-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել