Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` սահմանազատման վերաբերյալ «հայտարարության» տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «օդից ընկած հրապարակումներին»։

«Առհասարակ, դա այնքան փխրուն թեմա է, և այնքան մեծ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման աղմկոտ հրապարակումներին։ Այսինքն` պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,–ասել է Պեսկովը` պատասխանելով հրապարակված տեքստի մասին հարցին։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել