Թեպետ, ինչպես երևում է, antinikol շարժումը լայն թափ է հավաքում, բայց դեռ լսում ենք, թե ինչո՞ւ «անտի», ինչո՞ւ ոչ «հանուն», մերժեցինք Սերժին, ի՞նչ հասկացանք, որ հիմա էլ մերժենք Նիկոլին։ Բայց ո՞վ է ասել, որ Antinikol շարժումը «հանուն» չէ՝ հանուն մեր երկրի զարգացման չէ, ուղղակի ի տարբերություն որոշ լավատեսների, որ դեռ չարիքի վերջը չտված հեռանկարային գայթակղիչ ծրագրերից են խոսում, այդ շարժումն ասում է՝ էլի պայծառ ապագայի ծրագրերից խոսենք, բայց դաժան ներկայի հարցը չլուծե՞նք, զարգացման ճանապարհի խոճընդոտը չվերացնե՞նք։
Նույնիսկ բավական փորձառու գործիչները խաբվեցին իշխանության պարզունակ հնարքի վրա, որ կարելի է անցնցում իշխանափոխություն անել ընտրությունների միջոցով, որ անգամ համաձայնվեցին մասնակցել Փաշինյանի խաղի կանոններով։ Հիմա ի՞նչ՝ գո՞հ եք։ Հապա ինչո՞ւ էին ընտրության մասնակից ուժերն Ադրբեջանի հետ նախատեսվող երրորդ խայտառակ փաստաթղթի ստորագրման առիթով երեկ լցվել էին փողոց ու պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, հանգիստ թող իրենց քարոզարշավը տանեին, երկիրն այս վիճակից դուրս բերելու իրենց համոզիչ ծրագրերը քննարկեին ընտրողների հետ ու սպասեին ընտրությունների արդյունքներին։ Հիմա հասկացա՞ն, որ ոչ միայն մինչև ընտրություններ Փաշինյանը կարող է երկիրը տանել զիջումների, այլև այդ զիջումներն իր վերարտադրության գինն են, որ նա վճարում է մեր թշնամուն, ու որպես դրսի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու երաշխավոր, կմնա իշխանության, քանի որ իրենից բացի ոչ ոք չի համաձայնվի Հայաստանի հողը զիջել թշնամուն իր աթոռի տակի հողը պահելու համար։
Քանի որ ընդդիմադիր ուժերն արդեն որոշել են մասնակցել ընտրությունների ու այն կանխել այլևս հնարավոր չէ, Antinikol շարժումն, ինչպես տեսնում ենք, դեմ չի, ավելին՝ կոչ է անում ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, նաև, որ հանրությունն ակտիվ ձևով գնա ընտրությունների, որպեսզի թույլ չտան, որ Փաշինյանն իր համակիրների ձայներով կարողանա ընտրվել՝ ընտրողների ցածր մասնակցության պարագայում։ Էլ չեմ խոսում, որ շարժման ակտիվիսնտերը թիրախավորված հարվածելով Փաշինյանին, կոչ անելով, որ ում ուզում են ձայն տան, միայն թե Փաշինյանի ղեկավարած ուժին չընտրեն, սա ի՞նչ է՝ օգնություն չէ՞։ Ուղղակի Antinikol-ը փաստում է, որ ընդդիմադիր ուժերը տանուլ տվեցին իշխանության դեմ հետպատերազմական պայքարը, կարող են տանուլ տալ նաև ընտրությունը, հիմա չասե՞նք՝ սիրելի ժողովուրդ, այս անիմաստ ընտրությունների արդյունքում տեսա՞ք ինչ եղավ, գոնե Փաշինյանի դեմ հետընտական պայքարը տանուլ չտանք։
Պատահական չի չէ՞, որ Փաշինյանը, վստահ լինելով, որ ընտրության մասնակիցներին բոլորին միասին վերցրած կհաղթի, ու դրանից հետո նրանց հետընտրական պայքարը կլինի անհամոզիչ, ու արդեն թիրախավորել է Antinikol շարժման ակտիվիսնտերին, թե իբր նրանք Ադրբեջանի շահերն են սպասարկում Հայաստանում։ Քանի որ լավ հասկանում է, որ հետընտրական պայքարին ավելի համոզիչ կերպով ակտիվ մասնակցություն են ունենալու այս ընտրությունները մերժող գործիչները, Փաշինյանը նրանց ցանկանում է վաղօրոք թիրախավորել, որպեսզի ընտրություններից հետո «վերջ թավիշին» ծրագրի շրջանակներում հաշվեհարդար տեսնի իրեն համար պոտենցիալ վտանգ ներկայացնողների դեմ։
Antinikol շարժման անելիքն էլ հենց դա է, որ նախօրոք պատրաստվել ցանկացած զարգացման, ու եթե չհաջողվի տապալել Փաշինյանին մինչ ընտրություններ, ընտրությունների արդյունքում, ուրեմն դա պետք է անել ընտրություններից հետո։ Կարևորն է գիտակցել, որ ոչ մի պարագայում չի կարելի հանդուրժել Նիկոլի իշխանությունը, ուղղակի որքան շուտ դա հասկանանք, որքան շուտ այդ գիտակցությանը գա մեր ժողովուրդը, այնքան շուտ կտապալենք Փաշինյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել