Անգլալեզու Վիքիպեդիայի խմբագիրներից մեկը հայտնի է նրանով, որ 14 տարում միևնույն սխալն ուղղել է ավելի քան 47,000 անգամ և շարունակում է դա անել մինչ օրս։ Տղամարդու հաստատակամությունն ու համառությունն ապշեցնում են։

Վիքիպեդիայում հոդված տեղադրել կարող է յուրաքանչյուրը, և նման մարդկանցից է պատմության հերոսը՝ 51-ամյա Բրայան Հենդերսոնը։ Մի անգամ Վիքիպեդիայի հոդվածներից մեկում վերջինս սխալ բառակապակցության է հանդիպել և ուղղել այն։ Այնուհետև նկատել է, որ նույն սխալը չափազանց հաճախ է հանդիպում։ Մեկը մյուսի հետևից սխալներն ուղղելով՝ դա նրա համար արդեն սովորական «աշխատանք» է դարձել։

Անգլերեն «comprised of» արտահայտությունը հաճախ գործածում են «composed of»-ի փոխարեն։ «Comprise» նշանակում է «ներառել», և համաձայն անգլերենի կանոնների՝ այն օգտագործվում է առանց «of» նախդիրի։ Մասնագիտությամբ ինժեներ տղամարդը Վիքիպեդիայում անգամ առանձին հոդված է ստեղծել այս սխալի մասին, որում բացարում է, որ ճիշտ տարբերակը «composed of» արտահայտության օգտագործումն է։

Քանի որ Հենդերսոնն ինժեներ-ծրագրավորող է, նրա համար բարդություն չի ներկայացրել ծրագրային այնպիսի ապահովում ստեղծելը, որը կհաշվի սխալը պարունակող հոդվաների թիվը և դրանցում կգտնի համապատասխան արտահայտությունը։ Յուրաքաչյուր կիրակի նա գործարկում է ծրագիրը, այնուհետև առանձին-առանձին ուղղում սխալ բառակապակցությունը։ Մեկ երեկոյի ընթացքում տղամարդն ուղղում է միջինում 70-80 արտահայտություն։

Հարցը ոչ միայն Բրայանի համառության մեջ է։ Տղամարդուն այս զբաղվածությունը դուր է գալիս։ Նա խոստովանում է, որ անգամ հաճույք է ստանում կիրակի երեկոները սխալներն ուղղելով։

Ինժեներ-ծրագրավորող Բրայանը համարվում է Վիքիպեդիայի 1000 ամենաակտիվ խմբագիրներից մեկը, սակայն այդ ցանկում զբաղեցնում է միայն 917-րդ հորիզոնականը։ Այսօրվա դրությամբ նա կատարել է ընդհանուր առմամբ 82,801 ուղղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել