«Երեկ ArmLur.am-ը հրապարակեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաև հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց։ Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաև Արցախի մասով և կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները։

Ի վերջո, ի՞նչ նշանակություն է ունենալու այս փաստաթուղթն Արցախի մասով, և ի՞նչ ռիսկեր է պարունակում։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ տեսել այդ փաստաթղթի բնօրինակը, չգիտեմ՝ ինչ կետեր կան։ Բայց հարցն այն է, որ Արցախը երբեք չի եղել, և չպետք է դիտարկել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը բռնազավթել է Արցախի մոտ 80 տոկոսը, և տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող տարածվել Արցախի վրա»,- նշեց նա։ Բաբայանի խոսքով՝ առանց սահմանների և այլ խնդիրները լուծելու, երկրները կարող են ճանաչել իրար։ «Մենք դա չենք համարում սահման, այլ շփման գիծ։ Ցանկացած արցախցի այդպես է մտածում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իր տեսլականն ունենա և միասնական մոտեցումը»,- հավելեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել