Pastinfo.am-ը գրում է.

Եթե մեր զինվորները եղել են զենքով, պետք է կազմակերպեին ինքնապաշտպանություն և չթույլատրեին, որ իրենց այդպես նվաստացնեն։ Եթե դա թույլ չեն տվել, ապա դա օրենքի կոպիտ խախտում է, որի համար պետք է պատասխան տան հրահանգ իջեցնողները, որովհետև դա ամրագրված է բոլոր օրենքներով, անկախ նրանից՝ ռազմական դրություն է, մարտական հենակետ է, թե ոչ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով սկանդալային այն տեսանյութին, թե ադրբեջանցիների կողմից ինչպես են հայ զինծառայողներն իջեցվում հայկական դիրքերից։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին հարվածելու, հայկական դիրքերը լքելուն հարկադրելու վերաբերյալ։ Ստորացուցիչ կադրերի իսկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021թ մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող մեկնաբանել, որովհետև այդ գործողության կառավարումն իրականացնում է այսօրվա գործող իշխանությունը՝ ի դեմս ԶՈՒ ԳՇ պետի, ուստի՝ չի կարող իմանալ՝ հրաման է եղել, առանց հրաման է եղել, զինվորներին առանց զենք են ուղարկել դիրքեր, թե ոչ։

«Այն, ինչ- որ տեսանք համացանցում՝ խայտառակություն է, մեր զինվորականների նվաստացումներն անթույլատրելի են»,- նշեց Հակոբյանն՝ ընդգծելով, որ, եթե մեր զինվորները եղել են զենքով, պետք է կազմակերպեին ինքնապաշտպանություն։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ անգամ Երևան քաղաքում, եթե զինվորը տեսնում է, որ որևէ մեկի հանդեպ նվաստացում է տեղի ունենում և կյանքին վտանգ է սպառնում, ապա ունի զենք կիրառելու իրավունք, պարտականություն։

Ճշգրտող հարցին՝ արյդո՞ք ստացվում է, որ անհրաժեշտության դեպքում զինծառայողն ինքնուրույն կարող է որոշում կայացնել ինքնապաշտպանություն ցուցաբերել՝ առանց հրամանի, Հակոբյանը նշեց, որ իր ժամանակ կարգը եղել է հետևյալը՝ եթե մեր պետական սահմանի հանդեպ կա ոտնձգություն, ապա զինվորն ինքնուրույն որոշում է կայացնում, մարտ վարում և զուգահեռաբար զեկուցում վերադասին, հնարավոր է, որ կարգը փոխված լինի, որ պետք է սկզբից զեկուցի, հետո՝ գործողություն կատարի, այդպես չի լինում։

«Չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում, թե ինչ է կատարվել, բայց այն, ինչը տարածվել է՝ ստորացուցիչ է»,- նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է երկրի ղեկավարության, ՊՆ նախարարի, ԳՇ պետի գործողություններին և դրանց տրվող քրեաիրավական գնահատականի անհրաժեշտությանը, Հակոբյանը նշեց, որ դա դատախազը կիմանա, բայց ցանկացած մարդ՝ իրեն հարգող, պետք է իր համար որոշում կայացնի, որոշումները կարող են տարբեր լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել