Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել 2021թ. մայիսի 5-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ՀՀ Քրեական օրենսգիրքը:

Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022թ. հուլիսի 1-ից:

Այս նախագծով առաջարկվում է մինչև քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ ակտերը համապատասխանեցնել քրեական նոր օրենսգրքին՝ հնարավոր հակասություններից խուսափելու նպատակով:

Ենթադրվում է, որ մինչև 2022թ. հուլիսի 1-ն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները նոր օրենսգրքով հանցագործություն չեն համարվի, կազատվեն պատժից:

Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով գույքի բռնագրավման պատժատեսակից կազատեն այն քաղաքացիներին, ում նկատմամբ կայացված դատավճիռը 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ մտած չի լինի կամ դատավճիռն ուժի մեջ մտած կլինի, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակը ի կատար ածված չի լինի:

Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո որոշ հանցագործություններ կվերաորակվեն, կփոփոխվեն նաև կալանքի և կարճաժամկետ ազատազրկման պատժատեսակները, դրանք կհամապատասխանեցվեն նոր օրենսգրքին՝ մասնավորապես, հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամուտի հանցագործության գործիքի բռնագրավման կարգը, կփոփոխվեն դատվարության կանոնները:

Եթե անձը դատապարտվել և ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ է կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է քրեական նոր օրենսգրքով, նրա պատժից ազատումը վերապահվելու է Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը դատապարտվել է մեկից ավելի հանցագործության համար և քրեական օրենսգրքով դրանցից առնվազն մեկի հանցավորությունը չի վերացվել:

Իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը վերապահվելու է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Պաշտպանության նախարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել