Pastinfo.am-ը գրում է.

Վարդենիսում միևնույն իրավիճակն է։ Ադրբեջանցիները հատել են մեր պետական սահմանը, եկել կանգնել են ու շարունակում են ամրանալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը նշեց, որ սպասում էին Սյունիքի բանակցություններն ավարտվեն և ըստ այդմ հասկանան՝ ինչ է սպասվում նաև Վարդենիսում, բայց դեռ որևէ բան տեղի չի ունենում։

«Խոսում են այն մասին, որ բանակցությունները տեղի են ունեցել և առաջիկայում ադրբեջանական զինուժը 2 կմ հետ կքաշվի։ Սա ոչ թե ձեռքբերում է, այլ կոնկրետ նահանջ, որովհետև ստացվում է՝ մենք վալսի օրինակով ենք առաջ շարժվում՝ երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ։ Նրանք 3.5 կմ են եկել, հիմա 2կմ պետք է հետ գնան ու մենք ուրախացել ենք։ Նման բան չի կարող լինել, ՀՀ պետական սահմանը հատել են, հայրենիքը վտանգված է, հետևաբար նրանք պարտավոր են ՀՀ տարածքն ամբողջությամբ ազատել»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանի տարածքի հաշվին անվտանգության գոտի ստեղծվի, Թագուհի Թովմասյանը նկատեց՝ սա հարց է, որ ծառացել է, և իշխանությունն օր առաջ պետք է կարգավորի այն. «Եթե նման բան լինի, դա կնշանակի արցախյան պարտությունից հետո ՀՀ-ի պարտություն, ինչն ամենաանթույլատրելին է։ Հույս ունեմ, որ նման բանի չեն համաձայնվի»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիների առաջխաղացումից հետո այցելել է Վարդենիսի բնակավայրեր, որտեղ անզեն աչքով երևում են սարերի վրա դիրքավորված ադրբեջանցիները։

«Անհնար է ապրել այդ միջավայրում։ Մարդիկ չեն կարող հոգեբանորեն ամեն առավոտ իրենց դուռը բացեն ու սարի գլխին ադրբեջանական զինուժ տեսնեն։ Նրանք չեն կարող այդ գյուղերում ապրել։ Սա նշանակում է, որ մենք հետևողականորեն դատարկելու ենք հայկական սահմանամերձ գյուղերը։ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ մի ասեք սահմանամերձ գյուղեր, որովհետև մենք մի սրտի չափ հայրենիք ունենք և սրտի որ հատվածում հարված ստանանք, մահացու է լինելու»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել