168.am -ը գրում է.

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակի հետ կապված վերջին տեղեկությունները, հայտնեց, որ ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են, շարունակությունը տեղի կունենան մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին։

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ բանակցությունները վերսկսվել են սպասված ժամից ավելի ուշ։

«Բանակցությունները մի քիչ ուշ են սկսվել` հինգի կողմերը։ Մասնակցում է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,- ասաց Մ. Հովսեփյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ բանակցություններն այս պահին ընթանում են Խնձորեսկում։

Նա նշեց, որ իրավիճակը երեկվա դրությամբ անփոփոխ է։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել