Armeniasputnik.am-ը գրում է.

Լյուսյա Պողոսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 17 տարի առաջ տեղափոխվել է Գրոզնի և աշխատել կարի արտադրամասում։ Հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ կռունկավարի մասնագիտություն ստանալու հնարավորություն է ստացել և օգտվել է դրանից։

Արցախի միակ կին կռունկավարը

Խառնաշփոթ 90-ականներին նա կորցրել է Գրոզնիի իր տունը, վերադարձել Արցախ ու հաստատվել նախ Մարտունիում, ապա Շուշիում։ Լյուսյան Արցախի միակ կին կռունկավարն է։ Արդեն 45 տարի է՝ շինարարությունում է աշխատում։

Չնայած պատկառելի տարիքին՝ տիկին Լյուսյան, ի տարբերություն մեր նկարահանող խմբի, հեշտությամբ է բարձրանում վերամբարձ կռունկի խցիկը, որը 15 մետր բարձրության վրա է գտնվում։

«Ես 25 մետրի վրա էլ եմ աշխատել։ Եթե վախեցար, չես կարա աշխատիս։ Ամեն մի մանրուքի արդեն սովորել եմ։ Նենց որ իմ դուրը գալիս ա իմ աշխատանքը»,-ասում է նա։

Крановщица Люся Погосян на рабочем месте

Եթե Ռուսաստանում կին կռունկավարով ոչ մեկին չես զարմացնի, ապա Հայաստանում և Արցախում այդպիսիք չկան. տիկին Լյուսյան հիմնականում տղամարդկանց հետ է աշխատում։ Բայց վաղուց արդեն ընդհանուր լեզու է գտել բոլորի հետ և չի բողոքում։

Крановщица Люся Погосян за работой

Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է Արցախի շատ շրջաններում աշխատել։ Մասնակցել է ավելի քան 20 օբյեկտի կառուցման աշխատանքներին՝ բնակելի շենքեր, դպրոցներ, զորանոցներ և այլն։

Ամեն ինչ Շուշիում է մնացել

Շուշիում նա արդեն երրորդ տունն է կորցրել․ առաջինը Գրոզնիում էր, հետո 90-ականներին ռմբակոծության տակ ընկավ Մարտունու տունը։ Վերջին պատերազմի ընթացքում տիկին Լյուսյան, ինչպես քաղաքի մյուս բնակիչները, մինչև հոկտեմբերի վերջ նկուղում պատսպարվում էր ռմբակոծությունից։ Շուշիի կորստից մեկ շաբաթ առաջ նա Շուշիի քաղաքապետին հարցրել է` կարո՞ղ է քաղաքը լքելու անհրաժեշտություն առաջանա։ Քաղաքապետը խոստացել է նախազգուշացնել, եթե նման բան լինի։

Հոկտեմբերի 28-ին փրկարարները եկել ու ասել են, որ պետք է անհապաղ հեռանալ քաղաքից։

«5 րոպե էլ չթողին, որ իմ տունը մտնեմ պադվալից։ Ոչ մի բան չվերցրի։ Մի 50-60 միլիոնի ապրանք եմ թողել, բացի տնից։ Սաղ մնացել է` ծննդական ա, դիպլոմներ ա, տան վկայական ա»,-պատմում է տիկին Լյուսյան։

Նրան խոստացել են, որ 4 օրից քաղաքի բնակիչները կվերադառնան․․․

Հիմա Լյուսյայի ընտանիքը վարձով է ապրում Ստեփանակերտում, պետությունը սկսել է վարձը վճարել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ իրենք են վճարել։ Որդին փռում է աշխատում, դուստրը երգչուհի է։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Люся Погосян

Ինչ վերաբերում է նոր տանը, ապա իշխանությունները ոչինչ չեն խոստանում։ Հասկանալի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը։ Նա միայն լսել է, որ Շուշիի բնակիչներին բնակեցնելու են Ստեփանակերտում։

«Բայց ավելի լավ կլինի, եթե Շուշին հետ վերցնեն․․․ Կարոտում եմ։ Ինձ համար մի Շուշին հազար Ստեփանակերտ արժի։ Ես էլ տունս եմ ուզում։ 26 տարի ա` մենակ կնիկ, երեխոնցս հետ սաղ ստեղծել եմ, դրել եմ։ Ամեն ինչը։ Հետո մի օրվա միջին, երկու րոպեում ձեռիցս առել են»,-ասում է կինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել