Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովի «ուսապարկերի խմբակցության», այն է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որը մինչ պատգամավոր դառնալը աշխատում էր Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ղեկավարած Para.tv լրատվական կայքում, օրերս բավականին ամբարտավան մի հայտարարություն էր արել՝ ուղղված նախկին իշխանություններին։ Իր հայտարարության մեջ նա նաև կոշտ ու վիրավորական որակումներով է արտահայտվել ժամանակին իրեն վարձատրած լրատվամիջոցի ու այն ֆինանսավորող Վահե Հակոբյանի հասցեին՝ նրան անուղղակի անվանելով «նախկին մարզպետիկ», «ռոբասերժական թայֆայի» և քաղաքական հայտ ներկայացրած «բանդայի» անդամ։ Իսկ իր երբեմնի լրատվամիջոցին էլ` Para.tv-ին, դարձյալ անուղղակի մեղադրել «ռոբասերժական թայֆային պատկանող» լրատվամիջոց լինելու մեջ, որը մեդիաօպերացիաներ է իրականացնում պետության դեմ՝ սնվելով «ռոբասերժական մնացորդներով», որից, փաստորեն, ժամանակին նաև ինքն է օգտվել։ Ի դեպ, Հովհաննիսյանի նման այդ նույն Para.tv-ում են աշխատել ու լիուլի վարձատրվել «Իմ քայլի» այլ պատգամավորներ ևս՝ Արեն Մկրտչյանն ու Հայկ Կոնջորյանը, որոնք այսօր դարձյալ խոսում են նախկինների թալանից ու կոռոպցիայից, որից, փաստորեն, իրենք էին ժամանակին օգտվում։

Հովհաննիսյանի այս պահվածքին արձագանքեցին Para.tv-ի անձնակազմը, այդ թվում՝ ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը։ Իրենց երբեմնի աշխատակցին բացի ամոթանքներ տալուց ու երախտամոռության, ուրանալու մեջ մեղադրելուց, նրանք նաև հիշեցրել էին Արթուր Հովհաննիսյանի հետ կապված ինչ-որ պատմություն, որ նա թմրամոլ է, ժամանակին թմրանյութ օգտագործելու պատճառով քրեական պատմության մեջ է ընկել, և հենց Էլիզաբեթն է նրան օգնել։

Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, Hraparak.am-ի հետ զրույցում, նախ գնահատելով իրենց նախկին աշխատակցի պահվածքը, ասաց․ «Ուրացող մարդ եմ իրեն համարում, որովհետև բարոյական իրավունք չուներ իր թիմակիցներին և մեզ որևէ ձևով էդպես վատ անդրադառնալու, որովհետև ինքը սնվել է այս հիմնարկից՝ Para.tv-ից, և այս հիմնարկն իրեն շատ բան է տվել, և շատ լավ է վերաբերվել։ Անկեղծ ասած՝ շատ զայրացած էի այդ պահին իր գրառումը տեսնելուց հետո, որովհետև ունեցել ենք նաև ընկերական հարաբերություններ, ու վատ չենք բաժանվել։ Երբ ինքն ընդունեց որոշում, որ պետք է գնա, ես իրեն ասացի, որ դու ունես նաև թիմ, ընտանիք՝ ի դեմս մեզ, որը քո մեջքին կանգնած է, նաև իրեն զգուշացրել եմ, որ ինքը շատ սխալ բան է անում, որ գնում է նման ուժի հետ ճանապարհ անցնելու։ Ու երբ ինքը գնաց, հետո փորձեց մեր թիմից մարդկանց պոկել տանել իրենց մոտ, այդ ժամանակ կոնֆլիկտ առաջացավ, ես իրեն ասացի, որ դա շատ տգեղ բան է։ Ես նաև կարծում եմ, որ ինքը շատ անհեռատես է, ինքը չաճեց ու չդարձավ քաղաքական գործիչ, ինքը չհասկացավ, որ նախկին իր գործընկերներին կամ թիմին սևացնելով՝ ինքը ոչ մի ձևով լավը չի դառնում։ Ինքը ոնց անհայտ լրագրող էր, էդպես էլ մնաց անհայտ քաղաքական գործիչ»։

-Բայց հիմա բավականին հայտնի է՝ նաև ձեր շնորիվ, երբ արձագանքում եք նրան ու տարածում նրա նկարը։

-Դա ընդամենը էմոցիա է։ Ես հասկանում եմ, որ չպետք է ես արձագանքեի, դա իր համար մի քիչ շատ է, բայց դա էմոցիա էր, նաև իմ թիմի էմոցիաներն էին։

-Իսկ այդ ի՞նչ թմրանյութի պատմություն է, որի մասին Դուք և Ձեր թիմակիցներն էին ակնարկել՝ նրան անվանելով «պլանքաշ», «նարկոման»։

-Մի անգամ մեքենայի մեջ ծխել էին, թե ինչ էին արել (թմրանյութ նկատի ունի), ոստիկանները բռնել էին, մանրամասները Shamshyan.com-ում գրված է, ու քանի որ բոլորիս կոլեգան էր, մենք խնդրեցինք, մեր մյուս կոլեգաներին, որ իրենց կայքերով չբարձրաձայնեն այդ մասին, որ աղմուկ չբարձրանա։

-Ձեր կայքում «Իմ քայլի» պատգամավորներից նաև Արեն Մկրտչյանն ու Հայկ Կոնջորյանն են աշխատել, որոնց Դուք, ինչպես Արթուրին, բարձր աշխատավարձ եք տվել, նրանց ձեր հարազատի պես եք ըդնունել, օժանդակել եք՝ ինչով հնարավոր է, անգամ հանգստանալու եք ուղարկել ձեր հաշվին։

-Այո, ամենաշատը Արեն Մկրտչյանին, շատ հարազատ ենք ընդունել իրեն, ես միշտ հույս ունեի, որ Արենի միջի էդ գաղջը մենք կկարողանանք հանել մեր վերաբերմունքով և ցույց տալ, որ կյանքը լավ կողմեր էլ ունի։ Բայց ափսոս, մենք էդ երեխայի միջից չկարողացանք հանել, հակառակը՝ ինքը շատ չարացած է և թիմին ուրացող է։

-Միայն Արե՞նը, թե՞ Արթուրն ու Կոնջորյան Հայկն էլ։

-Եվ Արթուրը, իհարկե, իսկ Կոնջորյանը, եթե չեմ սխալվում, մեր հանդեպ առանձնապես որևէ բան չի արել, ընդամենը խզել է մեզ հետ բոլոր կապերը, չնայած՝ մենք Կոնջորյան Հայկից շատ լավ ենք բաժանվել։ Բայց ինքը ջնջել է մեզ իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից և այլևս կապի դուրս չի եկել։ Եվ Կոնջորյանի վրա այդքան ջանք և էմոցիա չէր դրված, որքան Արենի և Արթուրի, դրա համար Հայկից էլ այդքան շատ սպասելիք էլ չկա։ Բայց ինձ շատ զարմացրեց մեզ հետ կապը խզելը։ Այսինքն՝ իրենց հրահանգվել է չշփվել մեզ հետ, իրենց մեջ մարդկային յուրաքանչյուր գիծ իրենց մեջ վերացել է՝ մտնելով այդ թիմ։ Իրենք մեզ ընկալում են որպես թշնամի, չնայած՝ ոչ մի վատ բան իրենք մեզանից չեն տեսել։

-Չե՞ք փոշմանել, որ սնել, աճեցրել եք նրանց, վարձատրել եք, ու հիմա մեղքի զգացում չունե՞ք, որ նման կադր եք «բաց թողել» հասարակության ու քաղաքական դաշտի վրա։

-Էսպիսի մի խոսք կա՝ մենք տալիս ենք վստահության երաշխիք, նրանք կա՛մ արդարացնում են այն, կամ՝ ոչ։ Այս պարագայում նրանք չեն արդարացրել այդ վստահության երաշխիքը։ Եվ կարծում եմ՝ դա ավելի շատ իրենց խնդիրն է, ոչ թե՝ իմ, և իրենք իերնց են բացահայտել, ոչ թե ինձ։ Իսկ մեղքի զգացում․․․ իրենք սնվել են իրենց ծնողներից, իրենք ստացել են իրենց ծնողներից այդ դաստիարակությունը։ Երևի թե իմ մեղքն այն է, որ ես չեմ կարողացել այդ տղաներին, այդ երեխաներին հասցնել այն գիտակցության, որ կառուցելն ավելի լավ է, քան քանդելը։ Երևի ժամանակը չի հերիքել։

-Իրենք հաճախ են մեղադրում նախկիններին թալանի, կոռուպցիայի և լափամանից օգտվելու մեջ, բայց իրենք, փաստորեն, ձեր միջոցով օգտվել են այդ «թալանից», «կոռուպցիայից» ու «լափամանից»։

-Եթե իրենք մեզ համարում են «թալանչի» և «լափաման», ուրեմն իրենք այդ «լափամանից» սնվել են և «թալանչիների» մաս են կազմել ժամանակին, ու շատ լավ էլ վերաբերվել են այդ «թալանչիներին» ու գնացել են «թալանչիների» ծնունդներին և ընտանեկան միջոցառումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել