168.am-ը գրում է․

Մի քանի օրից պիտի ուրախությամբ և հպարտությամբ խոսեինք 1992թ. մայիսի 18-ին «Կյանքի ճանապարհի» ազատագրման մասին, եթե չլիներ վերջին պատերազմի դավադրական արդյունքը:

1992-ի մայիսի 18-ին ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր):

Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը՝ վերականգնելով Մայր Հայաստանի հետ կապը: Արցախ-ՀՀ միջանցքին «Կյանքի ճանապարհը» հենց այնպես տրված անվանում չէր. Լեռնային Ղարաբաղը ծանրագույն վիճակում էր, քանի որ չկար էլեկտրամատակարարում, գազամատակարարում, իսկ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Ռազմական աղբյուրների համաձայն՝ Ստեփանակերտի հարավ-արևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկում են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը: Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։

Գործողությանը մասնակցում են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարուշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Արդեն մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտնում են Բերձոր (Լաչին), ապա դուրս գալիս ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրում է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցնում Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվում է թուլացնել թշնամուն, ապա հակահարձակման արդյունքում իրար հետևից վերցնել կարևոր դիրքեր՝ թշնամուն ստիպելով նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը: Հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվում են հաջողությամբ։

Չհամակերպվելով իր պարտության հետ, հակառակորդն այս անգամ ակտիվ մարտական գործողություններ է սկսում միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, սակայն, հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները, զարգացնում իրենց առաջխաղացումը՝ ազատագրելով Խրմանլար գյուղը, ապա վնասազերծում Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվում է Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը:

Այս տարիներին թվում էր, թե թուրքերն այստեղով այլևս չեն անցնի: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ սխալվում էինք:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմն ընթացավ դավադրություններով, ավարտվեց կապիտուլյացիոն փաստաթղթով, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ:

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- նշվում է փաստաթղթում:

Վերջերս իր հարցազրույցում վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված հարվածային միավորման հրամանատարի, Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը հայտարարել է՝ «կարևոր խնդիր էր դրված՝ հասնել Լաչին»:

«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- ասել է Մենսիմովը:

Հարցազրույցի հեղինակը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկացել բախումների մեջ մտնել ՀՀ զինված ուժերի հետ ՀՀ տարածքում, ուստի գլխավոր հարվածը եղել է Շուշիի ուղղությամբ կամ այդ հատվածով:

Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնաղ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:

ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը մի առիթով նշել էր, որ ՀՀ-ից աջակցություն չի եղել, երբ Ադրբեջանը ճեղքել է ՊԲ պաշտպանական գիծը:

«Այդ ժամանակ ՀՀ ռեզերվները վերահսկողության տակ չեն վերցրել կարևորագույն ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և երբ ադրբեջանցիները դուրս են եկել Ստեփանակերտ տանող ճանապարհը, այնտեղ փաստացի ոչ ոք չի եղել: Այսինքն, ՊԲ-ն իր ռեզերվներն այդ ժամանակ արդեն սպառել էր, իսկ ՀՀ ուժերը կարող էին այդ ճանապարհին գոնե պաշտպանության նպատակով կանգնել, բայց նրանք այնտեղ նույնիսկ չեն երևացել: Գործ ունենք ռազմական դավաճանության հետ, որովհետև մտածել, որ Փաշինյանը պարզապես հիմար է, ես չեմ կարող»,- շեշտել էր նա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 168.am-ի ձեռքում էր հայտնվել մի փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ էր կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքին: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,- ասել է նա:

Այնուհետ փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:

2021-ի փետրվարին, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը երբեք չի ցանկացել իրենց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։

«Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- ասել էր Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։

Հավելենք, որ ըստ Կազանի փաստաթղթի` վերադարձվելու էին Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

Aniarc.am-ի փոխանցմամբ, 2000-2001 թթ., երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը (Քի Վեսթ), կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։

Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևն առաջարկել էր միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել