ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման եղել է ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք են եղել, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել