«Սյունիքում երեկ ծավալված իրադարձությունները՝ Իշխանասարի ուղղությամբ թշնամու մոտ 3 կիլոմետրանոց առաջխաղացումը, տագնապի զգացում առաջացրեց։ Մի կողմից՝ կրկին պատերազմի վտանգը կախվեց երկրի գլխին և սեպտեմբեր-հոկտեմբերի մղձավանջի կրկնությունը՝ որպես չարագուշակ աղետ։ Մյուս կողմից՝ հուսահատության զգացումը պատեց մեզ, երբ պարզվեց, որ թշնամին անարգել առաջ է շարժվել, և իշխանությունները տեղյակ էլ չեն դրանից։ Ավելին՝ փորձում են կրկին խաբել ու մոլորեցնել հանրությանը, թե՝ մի անհանգստացեք, ոչինչ չի եղել։ Եվ եթե չլինեին ըմբոստ ու հայրենասեր սյունեցիները, որոնց նկատմամբ փաշինյանական իրավապահները հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, մենք կխարխափեինք անտեղյակության մեջ, և Պաշտպանության նախարարությունն էլ ոչինչ չէր ձեռնարկի։

Երեկվա դեպքերից հետո մենք կրկին սուր զգացինք, որ պետությունը դադարել է գործելուց, որ մեր երկիրն անտերության է մատնված։ Մանավանդ երբ լուր ստացանք, որ Ալիևի կինն արդեն Շուշիում թեյ է խմել և մուղամ լսել։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով դեռ ունենք վարչապետ, որն անգամ դրսից ժամանած հյուր էր երեկ ընդունում՝ Վրաստանի վարչապետին, ունենք կառավարություն, սակայն չկա տեր՝ սահմանը հսկող, պատասխանատվություն կրող։ Մեր հույսը սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որ քարի դարի նմանությամբ ժամանակին աղմուկ կբարձրացնեն, և մենք ազգովի կշտապենք դեպի սահման՝ մեր երկիրը պաշտպանելու։ Բայց այդ պարագայում ինչո՞ւ ենք պարազիտների մի հսկա բանակ պահում՝ մեր հարկերից աշխատավարձ տալիս, ենթարկվում նրանց գրած ու ընդունած օրապակաս օրենքներին։ Եթե մեր հույսը մեզ վրա է, ուրեմն պետք է ցրել կառավարություն ու խորհրդարան, Պաշտպանության նախարարություն ու ԱԱԾ և ապրել վաղնջական ժամանակների ցեղի նման»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել