Tert.am-ը գրում է.

Ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերաձևափոխումներն օբյեկտիվորեն ստեղծել են միջավայր չին-իրանական դեռևս 2016թ-ից բանակցված համաձայնագրի՝ տրամաբանական հանգրվանի համար։ Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք․ տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ մեկնաբանելով մարտի 27-ին Չինաստանի և Իրանի միջև կնքված երկարաժամկետ համաձայնագիրը։

«Համաձայնագիրը նախատեսված է 25 տարվա համար և ենթադրում է Չինաստանի կողմից 400 մլրդ դոլարի ներդրում։ Համաձայնագրի մասին շատ դետալներ ներկայացված չեն, կողմերը դա բացատրում են ամերիկյան պատժամիջոցների առկայությամբ։ Բայց, այնուամենայնիվ, եղած ինֆորմացիայով հայտնի է, որ խոսքը վերաբերում է տնտեսական, մշակութային, էներգետիկ, ենթակառուցվածքային ոլորտներին, ռազմական ոլորտում փորձի փոխանակմանը, այսինքն՝ բավական ընդգրկուն համաձայնագիր է»,– ասել է նա։

Ըստ Լիլիա Ամիրխանյանի՝ երկու կողմերն էլ նման համագործակցության համար շահագրգիռ են: «Չինաստանի համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ներքո, Հարավային Կովկասն ունի առանձնահատուկ կարևորություն։ Չինական հետաքրքրությունների ներքո կարող ենք առանձնացնել Իրան-Հայաստան-Վրաստան երթուղին, Բաքու-Թբիլիսի- Կարս երթուղին, Ադրբեջանը Նախիջևանին միացնողը։ Մյուս կողմից, չի բացառվում, որ երկու երկրների համար առանձին շահագրգռության առիթ է այսպես կոչված «միասնական հակառակորդի»՝ ԱՄՆ գործողությունների դեմ պայքարը։ Այս տրամաբանության ներքո է նաև Իրանը, որն ամեն կերպ պետք է փորձի մեղմել ամերիկյան պատժամիջոցների՝ տարիների հասցրած վնասները, կամ շրջացնել դեռևս գործողները»,- ասել է Լիլիա Ամիրխանյանը։

Ըստ փորձագետի, մյուս կողմից Իրանն ունի տարածաշրջանում իր դերակատարությունն ամրապնդելու անհրաժեշտություն։ «Նշված համաձայնագրով, փաստորեն, Իրանն ամրապնդում է իր դերակատարությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում՝ զուգահեռաբար մեծացնելով նաև նեղ տարածաշրջանային դերակատարությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել