Pastinfo.am-ը գրում է.

Վարդենիս Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե թշնամին դիրքերն առաջ է տվել դեպի Վերին Շորժա գյուղ։ Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ իրավիճակը նորմալ է.

«Մեր մոտ ամեն ինչ շատ նորմալ է, թողեք մի քիչ ժամանակ անցնի։ Ես հերքում եմ՝ ոչ մի մետր առաջ չեն եկել՝ ոչ մի մետր»,- ասաց Մելքոնյանը։

«Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, վերջինս ևս վստահեցրեց, որ Վարդենիսի տարածքից զիջում չի արվել, իսկ աշխուժությունը կապված է նրա հետ, որ ադրբեջանական ուժերը վերադասավորումներ են իրականացնում իրենց տարածքներում.

«Վարդենիսի սահմանից որևէ զիջում չի արվել հակառակորդին, կրակոցներ չկան: Ինձ այս մասին հավաստիացրել է Գեղարքունիքի մարզի կորպուսի հրամանատարը։ Ադրբեջանական զինուժը վերադասավորումներ է իրականացնում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն տեղի չի ունեցել »,-ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները Գեղարքունիքում հենակետերն առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիներն այս պահին խրամատներ են փորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել