Չնայած իշխանությունն ամեն օր տարբեր մակարդակի մեծ ու փոքր պաշտոնյանների միջոցով հասարակությանը վստահեցնում է, որ տնտեսությունը ճգնաժամում չի գտնվում, սակայն երբ նայում ենք տնտեսական առանձին ցուցիչներին, ապա պարզ է դառնում հակառակի մասին, օրինակ՝ արտարժույթի փոխարժեքի անհասկանալի տատանումներն ու ապրանքների գների թանկացումները վկայում են տնտեսությունում անկայուն վիճակի առկայության մասին: Հատկապես մտահոգիչ է ֆինանսական շուկայի վիճակը, քանի որ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով լուրջ խնդիրների են բախվել նաև բանկերն ու վարկային կազմակերպությունները։
Դրա վառ օրինակը Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում առաջատար համարվող «Արեգակ» վարկային կազմակերպությունն է, որը նախորդ 2 տարիների ընթացքում այնքան կորուստներ է ունեցել, որ նույնիսկ կանգնած է սնանկացման եզրին:
Վերջնական սնանկացումից խուսափելու համար ընկերությունն արդեն այս տարվա սկզբին փակել է իր 4 ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը, կրճատել է 2 տասնյակից ավելի աշխատողների և ապագայում պատրաստվում է լրացուցիչ ծախսերի կրճատում իրականացնել, ընդհուպ մինչև աշխատողների աշխատավարձի իջեցում ու աշխատողների կրճատում: Ու սա եզակի դեպք չէ։
Թեև երկրի իշխանությունն ու Կենտրոնական բանկը տեղյակ են այս ամենից, սակայն ամեն կերպ հասարակությունից թաքցնում են՝ փորձելով իրավիճակը շտկել՝ ավելացնելով երկրի արտաքին պարտքը: Վարչապետն էլ 2 օր առաջ հայտարարում էր, որ պետք չէ վախենալ արտաքին պարտքից, պետք է նոր պարտքեր վերցնենք։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ, եթե պետության առաջատար բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկը սնանկ ճանաչվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել