Tert.am Լife-ը գրում է.

Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը ներկայացնող Project LA խումբը գործունեության 6 տարվա ընթացքում հասցրել է մեծ լսարան ձեռք բերել և համերգներ ունենալ անշլագերով։ Խմբի համերգները, սակայն, միշտ Երևանում էին։ Առաջին անգամ Project LA-ը դուրս է գալիս Երևանի սահմաններից և հունիսի 5–ին համերգ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնում։

Խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում բավականին շատ երկրպագուներ ունեն։

«Իր գոյության տարիների ընթացքում Project LA-ը շատ մեծ թվով երկրպագուներ ունի հենց Գյումրիում։ Խմբի անդամների, կոմպոզիտորի կապը երկրպագուների հետ բավականին ակտիվ է, անընդհատ կար այդ խոսակցությունը Գյումրում համերգ ունենալու մասին։ Գոռն էլ իր անհատական համերգներով հաճախ է լինում Գյումրիում, և միշտ պահանջում են կատարել նաև Project LA-ի երգերը։ «Մանուկյան» ընկերության առաջարկով կազմակերպվեց համերգը, որը կկայանա հունիսի 5–ին»,– ասաց նա ու հավելեց, որ գյումրեցիներին կներկայացնեն նաև երգի պրեմիերա։

Պրոդյուսերի խոսքով՝ ամեն համերգի համար անհատական երգացանկ է կազմվում՝ հաշվի առնելով վայրը, հանդիսատեսի հետաքրքրությունները․ «Աշխատում ենք նոր երգերի վրա։ Գյումրիում առաջին անգամ կներկայացնենք դրանցից մեկը։ Այս դեպքում ավելի շատ կհնչեն հայ պոետների հիման վրա գրված երգերը, անգլերեն երգերը կլինեն ավելի քիչ։ Անպայման կհնչի «Ռեքվիեմ»–ը, որը շատ արդիական է»։

Հայաստանում կարծրատիպ կա, որ 6/8 երգելու, հեշտամարս երաժշտություն ներկայացնելու դեպքում միայն արտիստը կամ խումբը կունենա լսարան, որակյալ երաժշտությունը մնում է ստվերում։ Project LA-ը կոտրեց այս կարծրատիպը։ Ըստ Սուրենի՝ սա արդյունք էր այն փաստի, որ իրենք ի սկզբանե կոմերցիոն նպատակ չեն հետապնդել։

«Լևոն Արևշատյանը համեստ մարդ է՝ ճիշտ արվեստագետ, որովհետև արվեստագետը կասկածում է իր արած աշխատանքին։ Ավելորդ մեծամտությունը միշտ խանգարում է։ Նա միշտ ունեցել է կասկած՝ արդյոք նախագիծը կսիրվի, ո՞ւմ է այն պետք։ Սա ստեղծվել է շատ ազնիվ ճանապարհով, քանի որ գումար աշխատելու խնդիր չի դրվել։ Արվեստագետն ինչ-որ  բան ստեղծում է իր համար, դա իր հոգու ճիչն է, եթե այն սիրում են նաև այլ մարդիկ, ուրեմն  արդեն հաջողվել է, մեծ բան է տեղի ունեցել։ Մարդիկ միշտ 6/8 են լսել, որովհետև ալտերնատիվը չի եղել։ Շատ քչերն են հանդգնել հայ պոետների բառերով երգեր գրել։ Քանի որ Լևոնն այս երգերը ստեղծում էր ինքն իր համար, այստեղ կեղծիքի տեղ չկար։ Լևոնը ֆանտաստիկ գիտի երաժշտության պատմություն, մեծացել է այդ մթնոլորտում, իր ստեղծածը չէր կարող այլ բան լինել։ Ես էլ, իր կինն էլ համոզված էինք, որ նախագիծը հաջողելու է։ Երբ գործն ազնիվ ես անում, կարողանում մարդկանց տանել քո հետևից, դաստիարակել»,– ասաց Սուրենը։

Պրոդյուսերը նկատեց, որ երգերն ուսումնական հաստատություններում օգտագործելու տենդենց են նկատում․ «Դպրոցներից մեկը զանգի փոխարեն դրել էր «Ով կհանդիպի» երգը։ Մեկ այլ դպրոցից իմացանք, որ Չարենց անցնելիս ուսուցչուհին հանձնարարել էր լսել Project LA-ի երգերը, պարզվել էր, երեխաներն անգիր գիտեն երգերը։ Ցավոք, այսօր շատերը չգիտեն հայկական պոեզիա, դժվար են անգիր սովորում, իսկ երգերի միջոցով դա շատ ավելի հեշտ է։ Մինչև այդ չի եղել նման նախագիծ, մարդիկ գուցե չեն հասկացել, որ դրա անհրաժեշտությունը կա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել