Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ-ում տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից վերջացրած արդարադատությունով։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով պետությունն այժմ բիզնեսին պարտք չունի։ Երեք տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար վերադարձվել է բիզնեսին։

«Այսօր օրենսդրությամբ արձանագրված է, որ ԱԱՀ-ի գծով կառավարությունը մեկ ամսից ավելի իրավունք չունի պարտք լինել տնտեսվարողին։ Այո, սա հեղափոխական փոփոխություն է ՀՀ-ի տնտեսության համար։ Կարևոր եմ համարում արձանագրել այն ինստիտուցիոնալ փոփոխությունը, որն արեցինք եկամտահարկի ասպարեզում։ 2018թ.-ի դրությամբ մենք ունեինք եռաստիճան եկամտահարկ՝ 36 տոկոս, 28 և 23 տոկոս։ Շատ արագ ՀՀ-ում սահմանեցինք համահարթ եկամտահարկ՝ 23 տոկոս և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի և արդյունքում 2023թ.-ի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ։ Միևնույն ժամանակ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցրեցինք 18 տոկոս»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ ինստիտուցիոնալ առումով լուծեցին ստվերային աշխատատեղերի և ստվերային աշխատավարձերի խնդիրը։ 2021թ.-ի մարտին 2018թ.-ի մարտի համեմատ երկրում կա 85 038-ով ավել աշխատատեղ. «Սրանք այն աշխատատեղերն են, որոնց համար սահմանված է աշխատավարձ։ Երկար ժամանակ և հիմա էլ Հայաստանում գոյություն ունի ստվերային աշխատավարձի ինստիտուտ։ Մենք այս խնդրի լուծման իմաստով լրջագույն հաջողությունների ենք հասել, որովհետև 2021թ.-ի մարտին 2018-ի համեմատ համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք։ Ընդ որում շուրջ 19-20 տոկոսով մե մարդու միջին աշխատավարձի ավելացում ունենք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել