Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում նախանշված արտահերթ ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը մեկնաբանեց, թե որ դեպքում դա կարող է տեղի ունենալ։

Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանի մանդատների առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջև կազմել կոալիցիա, որը կունենա խորհրդարանի տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,– ասաց Դանիելյանը։

Նա նաև շեշտեց, որ այս նորմը նախատեսված է ընտրական գործող օրենսգրքով, մինչդեռ «Իմ քայլն» անցյալ շաբաթ ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով փորձում էր փոփոխել նաև կոալիցիաների վերաբերյալ օրենսդրական պահանջը մինչև հունիսի 20-ի ընտրությունները։

Բայց քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չստորագրեց նոր օրենքը, այն հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ չի կիրառվի։

Նշենք, որ նոր ընդունված օրենքով փոխվում է քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:

Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել