Armeniasputnik.am-ը գրում է.

Ֆրանսիայի զինվորականները երկրի իշխանությանն ուղղված բաց նամակ են գրել ու աջակցել են իրենց նախորդներին, որոնք հայտարարել են, որ երկիրը «փլուզման» շեմին է:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նամակը հրապարակել է Valeurs actuelles պարբերականը: Դիմումի տակ ավելի քան 40 հազար մարդ է ստորագրել։ Զինվորականները նամակում հարգանքն են հայտնել ավագ ընկերների նկատմամբ, որոնց պատիվը, զինծառայողների կարծիքով, «ոտնահարվել է վերջին շաբաթների ընթացքում»:

«Նրանք Ֆրանսիայի հազարավոր ծառայողներ են, որոնք ստորագրել են խելամիտ բաց նամակի տակ, զինվորներ, որոնք իրենց լավագույն տարիները տվել են մեր ազատությանը պաշտպանությանը` ենթարկվելով պատերազմ վարելու Ձեր հրամաններին։ Դուք նրանց վերաբերվել եք որպես ապստամբների, թեև նրանց միակ մեղքն այն է, որ սիրում են իրենց երկիրը և անհանգստանում են ակնհայտ անկման համար», — գրված է նամակում:

Վերջերս ծառայության անցած զինվորականները հայտարարել են, որ իրենց խնդիրն է երկրի հանդեպ սիրուց դրդված հայտնել ճշմարտությունը։

«Մենք մեր քաղաքներում ու գյուղերում բռնություն ենք տեսնում։ Տեսնում ենք, թե ինչպես է համայնքների տարանջատումը ամրագրվում հանրային բանավեճերում: Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի ու դրա պատմության նկատմամբ ատելությունը նորմա է դառնում», — ընդգծել են նրանք։

Նրանց կարծիքով՝ Ֆրանսիայում հիմա «քաղաքացիական պատերազմ է հասունանում» ու իշխանությանը գործողություններ ձեռնարկելու կոչ են արել։

«Խոսքը մեր ու ձեր երկրի գոյատևման մասին է», - նշել են զինծառայողները:

Ավելի վաղ 20 ֆրանսիացի պաշտոնաթող գեներալներ ու 80 այլ նախկին սպաներ երկրում ռազմական դրություն մտցնելու կոչ էին արել, եթե նախագահ Էմանուել Մակրոնը չկարողանա կանգնեցնել «իսլամիստների կողմից բերած հասարակության ապաինտեգրումը»: Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը Parisien պարբերականին հայտնել է, որ առաջին բաց նամակը ստորագրած պահեստազորային գեներալներին կարող են հեռացնել ծառայությունից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել