Pastinfo.am-ը գրում է.

AstraZeneca պատվաստանյութի հետ կապված խնդիրներն առանց այն էլ շատ են, ուր մնաց ժամկետի խնդիրը, որն իմ տեղեկություններով կլրանա մայիսի 18-ին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանը՝ նկատելով, որ AstraZeneca-ն անգամ այն արտադրող երկիրը չի օգտագործում։

Նունե Ներսիսյանը հավատացած է, որ պարզապես ցանկանում են AstraZeneca-ն փորձարկել Հայաստանում, որպեսզի հասկանան՝ ինչ հակասություններ կան, ինչ էֆեկտներ կարող է ունենալ պատվաստանյութը, հետո բարելավեն այն և նոր իրենք էլ օգտագործեն։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ բուժհաստատություններում աշխատակիցներին պարտադրում են պատվաստվել AstraZeneca-ով, Նունե Ներսիսյանը նկատեց՝ պետական որոշ կառույցներում նույնպես այդ երևույթն առկա է. «Պետական ապարաիտի աշխատողներից ահազանգել էին, որ որոշ նախարարություններում մի քանի օր առաջ ցուցակ են ուզել, թե ով կպատվաստվի։ Նախարարության աշխատակիցները հրաժարվել են ցուցակը ներկայացնել, ինչը նշանակում է՝ պատվաստվելու ցանկություն ունեցողներ չեն եղել։ Մեկ-երկու օր անց ներքին ժողով է եղել ու մարդկանց ասել են, որ ուզեն թե ոչ պետք է պատվաստվեն, հակառակ պարագայում իրենց համա աշխատանքային լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,-նշեց մասնագետը։
Վերջինս նշեց, որ ի սկզբանե հայտնի էր, որ կօգտագործեն կամավոր պարտադիր սկզբունքը և կպարտադրեն մարդկանց պատվաստվել։ Նունե Ներսիսյանի խոսքով սկսում են հենց շրջագայություններից՝ սահմանելով այնպիսի կանոններ, որ պատվաստված չլինելու դեպքում շրջագայել չեն կարողանա։

Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշում է, որ AstraZeneca-ով 1 մլն պատվաստումից գրանցվել է 4 դեպք, ինչը պատգամավորը ցածր ռիսկայնություն է համարում, Նունե Ներսիսյանն ասաց. «Ինձ համար ընդունելի չէ, թե նրանք ինչ են ասում, որովհետև նրանք նաև 44 օրն ասում էին, որ մենք հաղթում ենք։ Չենք կարող հավատալ նրանց ու նրանց կողմից ներկայացված թվերին։ Միջազգային մամուլում թվերը մեծ են։ Երեկ էլ նշվեց, որ Աթենքի բնակիչ է մահացել AstraZeneca-ով պատվաստումից հետո։ Այդ դեպքում ինչու՞ տվյալ երկիրն ինքը չի պատվաստում AstraZeneca-ով։ Նրանք հրաժարվել են այդ պատվաստանյութից, որովհետև շատ լավ գիտեն, թե այն ինչ էֆեկտներ ունի»,-նշեց մասնագետը։

Նունե Ներսիսյանը նշեց, որ առայժմ չի կարող խոսել չինական պատվաստանյութի մասին, քանի որ քիչ է ուսումնասիրել, սակայն ընդգծեց՝ պատվաստանյութերի մասին խոսելիս ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ դրանք թեստավորման փուլ չեն անցել. «Բացի այդ մեզ մոտ չկա մի կարևոր երևույթ, որ երբ մարդիկ գնում են պատվաստվելու, նրանց մեծամասնությունը չեն հետազոտվում, որ իմանան՝ օրգանիզմում ինչ խնդիրներ կան և արդյոք կարող են այդ պատվաստանյութն ընդունել, թե ոչ»,-ասաց Նունե Ներսիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել