Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ընդգծել է, որ «Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, որոնք ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ»:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Հայրենական Մեծ պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել