Pastinfo.am-ը գրում է.

Մարտունիում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ հերթապահություն է սահմանվել, որ առանց համաձայնության այն հանկարծ չապամոնտաժվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը։

Նրա փոխանցմամբ՝ մինչ այսօր չեն հասկանում, թե ո՞ւմ պահանջով պետք է արձանն ապամոնտաժվի և ինչո՞ւ, փոխարենը շրջանառվում են տարբեր վարկածներ։ Դրանցից մեկն այն է, որ նման հարց է բարձրացրել արձանի քանդակագործը՝ պատճառաբանելով, թե արձանի վրա որոշ աշխատանքների անհրաժեշտություն կա, պետք է կիսատ աշխատանքներն ավարտին հասցնի։ Մկրտչյանը նշեց, որ դրանք խոսակցություններ են ինքը տեղեկություններին ամբողջական չի տիրապետում։ Ըստ նրա՝ քանդակագործը կարող է տեղում դրանք իրականացնել, քանի որ այնպիսի գործեր չեն, որ պետք է տեղափոխվի։

Այդուհանդերձ, մարտունեցիները շարունակում են մտավախություն ունենալ, թե արձանը կարող է տեղափոխվել մայիսի 9-ին ընդառաջ, չնայած ԱՀ նախագահի խոսնակը նշել էր, որ միայն քաղաքացիները կարող են որոշել՝ տեղափոխել արձանը, թե ոչ։

Արտակ Մկրտչյանը նշեց, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի չորսին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում առաջարկել է ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը։Որպես ավագանի իրեն տեղյակ են պահել, որ արձանի հարցով Բալասանյանը լինելու է Մարտունիում։ Վերջինս Բալասանյանին անձամբ չի հանդիպել, համախոհներն ու ընկերներն են հանդիպել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ հուզող հարցերը փոխանցելու։

«Իրենք անձամբ հանդիպել են, հետը զրուցել են, կարծիքը հայտնել են, եղել են նաև ավագանիները։ Բալասանյանն ասել է, որ արձանը պետք է հեռացնենք, որ հետագայում այլ խնդիրներ չլինեն։ Թե այդ խնդիրներն ինչի՞ հետ է կապված, ո՞ւմ հետ է կապված, ինչո՞ւ է դա ասել, չի մանրամասնել։ Հանդիպման ժամանակ նման արտահայտություն է եղել՝ «մի քանի օրով հանում ենք, որ նորից տեղադրենք, կամ նույն տեղը, կամ այլ տեղ», պատճառը ո՞րն է՝ չգիտենք»։

Մկրտչյանը իրատեսական չի համարում, որ քանդակագործի աշխատանքների համար է արձանը հանվելու, քանի որ քանդակագործը կարող էր պարզապես իրենց հետ կապ հաստատել, սակայն արձանն ուղղակի տեղափոխել ըստ ավագանու՝ չեն կարող։

«Արցախում մի բուռ մարդ ենք մնացել, մի բուռ հող է մնացել։ Եթե նման հարցեր կան՝ գաղտնիություն կա, կարող են մեզ՝ որպես ավագանի կանչեն, զրուցենք, եթե հրատապ ինչ-որ հարց կա, որ արձանը պետք է հանենք՝ թեկուզ մի քանի օրով, թեկուզ ընդմիշտ, այնպես չէ, որ ժողովուրդը դեմ կլինի։ Կան պատճառներ, եթե դա իրոք կազդի գերիների շուտափույթ տուն վերադարձին, այլ կարևոր հարցերի վրա, ապա կքննարկենք»։

Նրա փոխանցմամբ՝ նաեւ տեղեկություն է շրջանառվում, որ ինչ-որ ռուս գեներալ է ցանկանում ապամոնտաժել Նժդեհի արձանը.

«Տենց չի լինում։ Ինչ-որ ռուս գեներալ ասում է հանեք, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ է ուզում։ Այդպիսի խոսակցություն կա, բայց մեզ ոչ ոք չի ասել, որ ռուս գեներալն է դա ուզում։ Եթե նման բան կա, պատրաստ ենք հանդիպել, բացատրել, ինչո՞ւ ենք ուզում, որ արձանը մնա։ Այդպես էլ չհանդիպեցինք»։

Մկրտչյանը նշեց, որ պատրաստվում են խոսել նաև քանդակագործի հետ, հասկանալ ինչ կարծիք ունի։ Եթե արձանն ապամոնտաժվի՝ հայտարարությամբ հանդես կգան, կնշեն պատճառները, իսկ ներկա պահին նա դեռ հավանական չի համարում, որ արձանը կապամոնտաժվի։

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի անունը կրող փողոցի վրա տեղակայված Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին տեղեկությունները առաջին անգամ սկսեցին շրջանառվել այս փետրվարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել