«Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։ Արման Թաթոյանը երեկ ասել է, որ որոշումը խնդրահարույց է և հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին՝ բուհերի ինքնավարությանը, ինչպես նաև հաշվի չի առնվել մասնագիտական հանրույթի տեսակետը։

Նոր կարգով՝ նվազեցվում է խորհուրդների անդամների թիվը, որոնց 65%-ին կնշանակի կառավարությունը։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները հավասար համամասնությամբ էին՝ 25 տոկոս։ Նախագծի նպատակը բուհերը կառավարելի դարձնելն է:

Իսկ մինչ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել՝ ԵՊՀ-ի, Շիրակի և Մանկավարժական համալսարանների։ Կարո՞ղ է ՍԴ որոշումը, եթե կարգը հակասահմանադրական ճանաչվի, հետադարձ ուժ ունենալ՝ կչեղարկվե՞ն այսօր ձևավորվող խորհուրդները, եթե հասցնեն ռեկտոր ընտրել, նա պաշտոնանկ կարվի՞։ Մեզ ասացին, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե դիմումն ինչ պահանջով կներկայացվի, և ՍԴ-ն ինչ ձևակերպում կտա։ ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը։ Եթե միջանկյալ որոշում չընդունվի, ՍԴ որոշման հետադարձ ուժը կախված է վերջնական որոշման ձևակերպումներից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել