Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ-ն։

«Սա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

Այս հռչակագիրը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարեւորագույն գրավականներից է:

Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, եւ յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով»,– ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել