Tert.am-ը գրում է.

Պատերազմի օրերին շատ մարդիկ են եղել Արցախի ՊԲ գլխավոր շտաբի հրամանատարական կետում և այնտեղ ընթացող աշխատանքները հնարավոր չէ խաթարել, կան տարբեր սենյակներ և շենքը բավականին մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությանը ԳՇ-ում:

«Շտաբում լինում են տարբեր մարդիկ, օրինակ ես նույնպես եղել եմ այնտեղ, երբ գնացել եմ, նաև շատ լրագրողների եմ տեսել, ինչո՞ւ չեն ասում, որ դա հանցանք է, բայց, երբ Աննա Հակոբյանն է այնտեղ եղել, դա որակվում է որպես հանցանք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա  հայտարարությանը և ընդգծեց, թե որևէ հիմնավորում չկա այն խոսքերի տակ, երբ ասում են, թե դավաճանել եք հայրենիքը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է տեղավորվել այն գաղափարի մեջ, որ եթե ես լինեի, ապա այսպիսի բաներ չէին լինի: Ինչ-որ մեկը կգա, հողերը հետ կբերի և երկիրը կլավացնի, ես այդ մարդու նման հռետորաբանությունը չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի ելքին՝ նա ասաց․«Դուք նախընտրում եք, որ մեր զորքերը գնային, մահանային և դա ավելի նպատակահարմար էր, դա՞ էր ձեր ցանկությունը: «Ճիշտ պատերազմ վարել» տերմինաբանություն չկա, երբ մի գործընթաց է գնում, այդ գործընթացում ներառված մարդիկ, այդ թվում նաև ես, կարող ենք վրիպել, սխալվել, սակայն պետք է հասկանանք, որ պետք է քննություն իրականացվի և եթե թույլ ենք տվել սխալ, ապա պետք է ամեն մեկն իր սխալի համար պատասխանատվություն կրի, բայց ոչ այնպես, որ յուրաքանչյուր մարդ տեղից վեր կենա ու ասի՝ դու մարդասպան ես»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել