Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում նրանք ի թիվս այլ հարցերի նշել են Ղարաբաղյան հակամարտության համապարփակ և լիարժեք լուծման կարևորությունը:

«Ելնելով այս հայտարարությունից, կարելի՞ է ասել, որ համանախագահ երկրները պայմանավորվածություն ունեն վերսկսելու խաղաղության գործընթացը և եթե կարելի է, ներկայացնեք Մոսկվայի գնահատականը Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ համանախագների համագործակցության վերաբերյալ»,-ասել է լրագրողը:

Լավրովն իր պատասխանում նշել է, որ խաղաղության գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, որպեսզի կանգնեցվի պատերազմը և անցում կատարվի խաղաղապահ գործունեության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների, կապերի ապաշրջափակմանը, արդեն գրեթե 6 ամիս է, ինչ իրականացվում է: Ուստի, ըստ Լավրովի, խաղաղության գործընթացին անցում կատարելու ձևակերպումն արդեն մի փոքր իրականության խեղում է:

«Դուք հիշատակեցիք եռակողմ խումբը, որի մասին ես այսօր արդեն խոսել եմ, և իմ գործընկերն էլ այդ մասին հիշատակել է. խումբը զբաղվում է այն հարցերի պրակտիկ լուծմամբ, որոնք ուղղակիորեն վերաբերում են խաղաղության գործընթացին, երբ մարդիկ կազատվեն շրջափակումից, էմբարգոյից, այն խոչընդոտներից, որոնք ստեղծվում էին միջազգային կառույցների շրջանակներում` այստեղ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության հաստատման ուղղությամբ և կանցնեն ուղղակի օգուտների քաղմանն այն առավելություններից, որոնք տրամադրում է այս ռազմավարական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով կարևոր տարածաշրջանը: Եվ մենք, որոշիչ դեր խաղալով մարտական գործողությունների կանգնեցման հարցով երեք երկրների երկարատև բանակցություններում, ստեղծել ենք հրադադարի ռեժիմի վերիֆիկացման ռեժիմ` ի դեմս խաղաղապահ զորախմբի, ինչպես ոչ ոք շահագրգռված ենք, որ այն, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը, իրականացվի գործնականում: Եվ ես համոզված եմ, որ համանախագահները, երբ կոչ էին անում ամեն ինչ վերջնականապես կարգավորել, նկատի ունեին, որ պետք է ամեն ինչ անել այս բոլոր հարցերը լուծելու համար: Մենք ընդհանրապես չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, բոլոր պատժամիջոցների, շրջափակումների հանումից, նրանք կսկսեն այլ կերպ վերաբերվել այն հարցերին, որոնք մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և բերել առաջին պլան: Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը: Այն այժմ բավականին բարդ է ընթանում, քանի որ որոշվում են երթուղիների վերաբերյալ հարցեր, տարածաշրջանի կապվածությունը, որոշվում է շփման գծի, սահմանագծման, սահմանազատման հարցերը: Դրանք հասկանալի հարցեր են, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շունչ քաշի և ապրի խաղաղ կյանքով: Նրանք, ովքեր ուզում են այս հարցը թողնել հետոյի համար, իսկ սկզբում զբաղվել քաղաքական քննարկումներով, կարծում եմ, ամբողջ գործընթացը շուռ են տալիս գլխիվայր: Շատ ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ սկել են հանգիստ ապրել հողի վրա, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը միասին, ինչպես դա եղել է բազմաթիվ տասնամյակներ և հարյուրամյակներ»,-եզրափակել է Լավրովը:

Մեկ այլ լրագրող, դիմելով Լավրովին, նշել է, որ նախարարի այցի կենտրոնական թեմաներից էր ապաշրջափակումը:

«Սակայն Ադրբեջանի նախագահը, խոսելով տրանսպորտային ուղիների մասին` հայտարարում է Զանգեզուրի միջանցքի մասին, նշելով, որ, եթե Հայաստանը չհամաձայնի, ուժով կպարտադրեն` ուղիղ սպառնալիք հնչեցնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ի՞նչ կասեք այս մասին և ինչքանով է սա համապատասխանում եռակողմ հայտարարությանը»,-հարց է հղել լրագրողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել