Armenpress.am-ը գրում է․

Ստեփանակերտն Ադրբեջանի ենթակայության ներքո ունենալու համար, ադրբեջանցիները ստիպված են լինելու պատերազմել, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության  հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անհավանական համարելով ադրբեջանցիների տարածած տեղեկությունը՝ թե իբր  Ստեփանակերտն այս տարվա հունիսին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Ամբողջությամբ նկատելի է, որ պաշտոնական Բաքուն հատուկ ընտրել է հայության զգայուն տեղերը գտնելու և դրանց վրա ճնշում գործադրելու ռազմավարություն: Որոշ գործողություններ, որ նրանք իրականացնում են ակնհայտորեն իրենց պետք չէ: Դրան մի քանի բացատրություններ ունի՝ նրանց 26-ամյա ազգային հիասթափությունն  ու կուտակված բարդույթները,Ալիևի կառավարման ռեժիմի ու նրա անհատականության առանձնահատկությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Արցախյան խնդիրը լուծված է համարում, սակայն իրականում պատերազմը  չի վերջացել այնպես  ինչպես նա կցանկանար լուծել խնդիրը»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ  իրեն  պետք է Արցախի ամբողջ տարածքն առանց հայերի, ինչը սակայն չի հաջողվել պատերազմում:

Քաղաքագետ Իսկանդարյանի խոսքով՝ Ստեփանակերտի  նկատմամբ վերահսկողության վերաբերյալ և նմանաբնույթ այլ  ադրբեջանական հայտարարություններին,  պետք է վերաբերվել որպես տեղեկատվական քարոզչության՝  ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ հայկական կողմին, իսկ ավելի քիչ՝ միջազգային լսարանին: Այդուհանդերձ՝ այդ հայտարարությունն առնչություն չունի իրական քաղաքականության և պատերազմին հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել