Hraparak.am-ը գրում է.

Անցած գիշեր Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր,  նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ էր։

Ըստ Քննչական կոմիտեի՝ բժշկական կենտրոնից ոստկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքում Ռազմիկ Սողոյանին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Արաքս գյուղի համայնքապետ Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում փոխանցեց , որ իրենք սպանության հանգամանքների մասին չգիտեն, միայն այն, որ սպանությունը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում․ «Նա շատ լավ երիտասարդ էր, սպորտսմեն էր, հետախույզ է եղել պատերազմում։ Բոլորիս համար շոկ էր, այսքան ժամանակ չենք լսել, որ ինչ-որ մեկը Ռազմիկի հետ կոնֆլիկտ կամ վեճ է ունեցել։ Բոլորս էլ զարմացած ենք, մենք մտածում ենք, որ դա ընդամենը թյուրիմացություն է, պատահական է հայտնվել այնտեղ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել