Hraparak.am-ը գրում է.

«Մեր սեփական հողում տեղաշարժվելու համար խալխին շնորհակալություն ենք հայտնում»,- ասաց մեքենայի վարորդը, երբ ռուս խաղաղապահը ստուգեց մեքենայի ուղեւորների անձնագրերն ու բարի ճանապարհ մաղթեց, իսկ մենք՝ ուղեւորներս, շնորհակալություն հայտնեցինք ու առաջ շարժվեցինք։ 

Պատերազմից հետո դեպի Արցախ ուղեւորությանս ընթացքում ամենից շատ ուզում էի հասկանալ՝ Արցախում վերականգնվո՞ւմ է նախկին կյանքը, բուժվո՞ւմ են վերքերը։ Լաչինի՝ ընդամենը 5 կիլոմետր լայնություն ունեցող միջանցքում սակավաթիվ մեքենաներ էին երթեւեկում, միջանցքի ողջ երկայնքով ռուս խաղաղապահների 7-8 անցակետ կար տեղակայված, որոնցից յուրաքանչյուրին հասնելիս պետք է ներկայացնես անձը հաստատող փաստաթուղթ, այնուհետեւ խաղաղապահները ճշտում են մեքենայում գտնվող ուղեւորների թիվը, ստուգում բեռնախցիկը, բարեկրթորեն հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել, ապա հայերեն բարի ճանապարհ են մաղթում:

Խաղաղապահները սովորել են նաեւ «Բարեւ Ձեզ», «Ո՞նց եք» արտահայտությունները եւ, որպես դրական ժեստ, ուղեւորներին ողջունում են հայերեն։ Շուշիի դարպասների մոտ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են սկսել, մեզ ասացին, որ էլեկտրական ենթակայան են կառուցում, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն են տեղադրել ճանապարհից քիչ այն կողմ, եւ Ստեփանակերտ ուղեւորվելիս հայերը ստիպված են անցնել ադրբեջանցիների միջով, որոնք 5-10 մետր հեռավորության վրա՝ մինչեւ ատամները զինված, չռած աչքերով ուղեկցում են հայկական մեքենաները, իսկ խաղաղապահները տեղակայված են մոտ 300 մետր հեռու։ Մեր ուղեւորության ժամանակ, բարեբախտաբար, խնդիրներ չառաջացան, սակայն Ստեփանակերտում մեզ պատմեցին, որ հաճախ քարերով հարվածում են հայկական մեքենաներին, հայհոյում, ամեն կերպ սադրում են, որ պատասխան ստանան ու կռիվ հրահրեն։ 

Մտնելով Ստեփանակերտ՝ տեսանք, որ քաղաքը փորձում է ուշքի գալ, կրկին ապրել Շուշիից, Հադրութից ու մյուս տեղերից տարհանված արցախցիների հետ համատեղ, որոնցից մեկը, խոսելով քաղաքականությունից ու վերջերս բացվող կուսակցություններից, ասաց, որ մի կուսակցություն էլ ինքն է բացելու՝ «Արցախի փախստականների կուսակցություն»։ Պայթյուններից տուժած շենքերի պատուհանները ծածկված էին մեծ ծածկոցներով, կարծես քաղաքը ցանկանում էր թաքցնել վերքերը։ Մի բան Ստեփանակերտում չէր փոխվել՝ փողոցները նախկինի նման մաքուր էին։ Ստեփանակերտի հենց կենտրոնում 3 մեծ ցուցափեղկ էր տեղադրված, 2-ի վրա փակցված էին պատերազմում զոհվածների նկարները, մյուսի վրա՝ ռազմագերիների, իսկ ամենավերեւում Հայաստանի ու Արցախի իշխանություններից հույսները կտրած արցախցիները գրել էին․ «Россия, помоги вернуть наших родных»։ 

Զրուցեցինք չարեքթարցի Աշոտ Սեւյանի հետ, ով մեկ գիշերում դարձավ ճանաչված: Նրա տեսանյութը մոտ մեկ միլիոն մարդ դիտեց, որտեղ նա ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին պատմում է, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, չնայած, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղն անցնում է Ադրբեջանին։ Աշոտին հարցրինք՝ ի՞նչ է երազում, ի՞նչ է ուզում հիմա, երբ Արցախի մեծ մասը կորսված է։

«2016 թվականին՝ այն դիրքում, որտեղ ես էի, նաեւ հայրս էր, նա սկսեց արտասվել, ասեցի՝ ի՞նչ եղավ, ասեց․ «Ափսոսում եմ, տղա ջան, որ էս անգամ էլ չկարողացանք էնպես անել, որ քո տղան չգնա պատերազմ»։ Տղաս այս պատերազմին իմ հետ էր, ես ցանկանում եմ, որ գոնե իմ թոռը չտեսնի պատերազմ, որ գոնե ինձանով՝ ես ավարտեմ այս պատերազմը»,- ասաց Աշոտը։
Շփվեցինք տները կորցրած հադրութցիների հետ, հյուրընկալվեցինք Ստեփանակերտում վարձակալած նրանց տանը, որին կից փոքր հողամասում լոլիկի ու վարունգի սածիլներ էին տնկել, փոքրիկ ջերմոց կառուցել, բայց հույսով ու հավատով սպասում էին, որ պետք է շուտով վերադառնան Հադրութ։ Ստեփանակերտի հրապարակում՝ հայտնի «Պիտաչոկում», արցախցիներին հարցրինք, թե ինչպես են ապրում պատերազմից հետո։ 

«5-6 զոհ եմ տվալ՝ ախպերներ, հորքուրի, մորքուրի տղաներ, իմ տղան վիրավոր է։ Չեմ ասում՝ սոված ենք, հասցնում ենք ամեն ինչ, բայց էդ ցավը, էդ վիշտը կարում չենք մոռանանք»,- ասաց ստեփանակերտցի մի կին։ Մյուսն էլ, որ գալիս էր Ստեփանակերտի ընդարձակված, չափերով անհամեմատ մեծացած ու թարմ գերեզմաններով համալրված եղբայրական գերեզմանոցից, ցավով նշեց․ «Ինչքա՞ն զոհ տվեցինք, «Բրատսկի մագիլումը» տե՞ղ կա, հենց էնտեղից եմ  գալիս, էս ի՞նչ ա կատարվել, հիմա էլ ի՞նչ, Արցա՞խ ա մնացալ, ազիզ ջան»։ Անցորդներից մյուսը՝ տարեց մի մարդ էլ գլխով հազար բան անցածի հարմարվողականությամբ ասաց․ «Լավ չի ստացվում, բայց դե՝ ապրում ենք, էլի, մատաղ, ո՞ւմ բողոքենք»։ 

«Ուրիշ ժամանակ տեղներս չեն իմանում, բայց հենց կռիվը սկսում ա, գալիս են, տանից ձեռքդ բռնում են, թե՝ դավայ, գնում ենք կռիվ։ Բայց որ գնում, վիրավորվում, մահանում ես, էլ տեղդ չեն իմանում, չեն ասում՝ մի հատ քինանք տունը, տեսնինք, մեր սալդատն ա իլալ, մեր վիրավորն ա իլալ, հիչա՞վ օգնինք, հիչա՞վ հասնինք։ Ես քեցալ ամ կռիվ, վիրավորվել եմ, ինձ ի՞նչ են տվալ»,- նեղսրտած ասաց ստեփանակերտցի մի պապիկ։   

Ո՞ւմ եք մեղավոր համարում կատարվածի մեջ՝ հարցրինք մեր զրուցակիցներին։
«Հլա նաղդը Փաշինյանն ա, որպես պագոնավոր՝ Փաշինյանն ա մեղավոր, նա ա մեր տոչկան խանգարել, մեր գործերը տապալել»։ «Մեր ղեկավարներին, ուրիշ ոչ մեկին։ Ներկայիս ղեկավարներին, նախկինը հի՞նչ կապ ունի, նախկինը մեղավոր կլինի, եթե նոր ղեկավարը մի 3-4 ամսվա լինի, բայց 3 տարուց հետո հի՞նչ նախկին»։  «Ո՞ւմ եմ մեղավոր համարում՝ մեծերին, կառավարությանը»,- պատասխանում էին արցախցիները՝ հավելելով, որ եթե Փաշինյանն այցելի Արցախ, իր բաժինը ստանալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել