«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամա­նակ հաստատեց, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ից մինչև 11-ը կլինի տարածաշրջանում Մոսկվա-Երևան-Բաքու: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղե­կավարության հետ նախատեսված են բանակցություններ՝ «երկկողմ և տարածաշրջանային համագործակ­ցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»:

Ռուսաստանյան հրապարակախոս Վադիմ Դուբնովին խնդրեցինք մանրա­մասնել՝ ինչ կոնկրետ օրակարգով է այստեղ լինելու Լավրովը: Դուբնովն ասաց. «Լավրովին ու Մոսկվային հետաքրքրում է հաղորդակցության ուղի­ների ապաշրջափակումը, Հայաստանի միջով միջանցքը՝ Թուրքիա, Իրան և Ադրբեջան: Հայաստանը փորձելու է հասնել այն նպատակներին, մաս­նավորապես՝ գերիներ, սահմանային իրավիճակի հստակեցում, Սյունիքում իրավիճակի հստակեցում: Վստահ եմ, որ անպայման քննարկվելու է Հայաստանում ՌԴ ռազմական ներկա­յության ընդլայնման հարցը»:

Ինչո՞ւ Լավրովը, ինչո՞ւ Երևան-Բաքու, այլ ոչ հայ-ադրբեջանական-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբի մակարդակով: Վադիմ Դուբնովը պատասխանեց՝ այն պատճառով, որ հնարավոր է՝ աշխատանքային խմբի անդամներին հաջողվել է հասնել ինչ- որ պայմանավորվածությունների, «ինչ- որ ուրվագծերի», և երևի ժամանակն է՝ ամփոփելու այն, ինչի վրա աշխատել են:

«Եվ գուցե կան խնդիրներ, որոնք լուծելու իրավազորություն չունեն, և դրանք պետք է լուծել նախարարի մա­կարդակով»: Դուբնովը կարծում է, որ կողմերը դեռ պատրաստ չեն «երեքով հանդիպման»: Այսինքն՝ Ալիև-Փաշինյան-Պուտին: «Եվ կարծում եմ՝ սա նաև մաքոքային այց է, Լավրովը գե­րիների ու մի շարք այլ խնդիրների մա­սին կխոսի Փաշինյանի հետ և արդեն լրամշակված այս նյութով կմեկնի Բաքու»,- ասաց նա: Հետո սա արդեն կփոխանցվի աշխատանքային խմբին: Նա լիահույս է, որ «կողմերը կա­րող են գերիների հարցով ինչ-որ մոտ դիրքորոշումների հասնել»:

Հենց երեկ հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ դիմող փաստաբաննե­րից Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ 19 հայ ռազմագերի, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու դաժանաբար սպանվել են: Դուբնովն այս փաստի առիթով մեկնաբանություններ չունի: Ինչպես հիշում ենք՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անմիջապես հե­տո՝ 2020 թ. նոյեմբերի 15-ին, ռուսա­կան լրատվամիջոցներից արտա­հոսքեր եղան, թե Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախա­գահ Իլհամ Ալիևի հետ, և ՌԴ նախա­գահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպա­նության տակ են լինելու:

Վադիմ Դուբնովը «ռեալ պոլիտիկի» շարքից չի համարում եկեղեցինե­րի ու մզկիթների հարցի արծարծումը Ալիևի ու Պուտինի զրույցների թե­մաներում: «Կարծում եմ՝ այս հարցե­րը երևի թե այլ մակարդակի բա­նակցություններում են ներառված: Եվ կարծում եմ, որ անհնար է Ալիևին պարտադրել՝ չապամոնտաժել գմբեթներ: Եվ սրանք մշակութային ժառանգությանը վերաբերող հռետորաբանության բաներ են»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել