Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ հավաստիացրել է, որ Ադրբեջանին նման օգնությունը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Բլինկենը նաև հաստատել է, որ ամերիկյան օգնության տրամադրումը «անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, Միացյալ Նահանգների Զինված ուժերի կամ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գործընկերների օպերատիվ պատրաստությանն աջակցելու, ինչպես նաև կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար»։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլի 28-ին Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ նա հիշատակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին ուղղված միջազգային ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Պարբերականն արձանագրում է, որ հայ համայնքը դատապարտել է Բայդենի վարչակազմի այս որոշումը՝ այն որակելով դավաճանությունը՝ մեջբերելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանի խոսքերը։

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության վերջերս նրա ճանաչման ոգուն»,- ասել է Համպարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել