Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները եւ երրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ։

«Այսօր հանձնաժողովն անդամ պետություններին առաջարկում է մեղմացնել ընթացիկ սահմանափակումները Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար՝ ուշադրության առնելով պատվաստման հաջողությունները եւ համաճարակաբանական իրադրության բարելավումն աշխարհում»,-ասվում է փաստաթղթում: Հաղորդվում է, որ ԵՀ-ն առաջարկում է թույլատրել եվրոպական տարածք մուտքը ոչ միայն լավ համաճարակաբանական իրադրություն ունեցող երկրներից, այլեւ բոլորին, ովքեր լիովին պատվաստվել են ուղեւորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Միեւնույն ժամանակ վերապահությունն է արվում, որ պատվաստանյութը պետք է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչի կողմից:

«Անդամ պետությունները կարող են նաեւ թույլատրել այն անձանց մուտքը, ովքեր պատվաստվել են պատվաստանյութերով, որոնք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) ցուցակում նշված են արտակարգ իրադրության պայմաններում օգտագործման համար»,-ասվում է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել