Pastinfo.am-ը գրում է.

Վարդենիսից մինչև Ջերմուկ մեր սահմանը մեծապես երկարել է, և մենք ձևավորել ենք առաջնագիծ, որը մինչև հիմա նույն վիճակում է։ Կես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ ԱԺ-ում այս մասին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ինձ համար տարօրինակ է, որ այդ աշխատանքներն անտեսանելի են իրականացվում։ Ես կարող եմ տեսանելի բաների մասին խոսել, իսկ տեսանելին այն է, որ մենք առաջնագծում ունենք վրաններ, որոշ դեպքերում ցելոֆոնապատ վրաններ, որոնք ադրբեջանցիները տեսնում են։

Նրանք տեսնում են, որ մենք վրաններում ենք քնում, հողի վրա, իսկ իրենք այլ պայմաններում։ Տեղ համայնքի մոտ իրենք արդեն տեխնիկայով խրամատավորվում են, փոխարենը մենք դա չենք անում։ Այս ամեն ինչը գաղտնիության քողի տակ ներկայացնելը լավագույն լուծումը չէ»,-ասաց պատգամավորը։

Վերջինս, դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ եթե իրեն զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ապա պետք է լրացուցիչ ստուգում իրականացնել. «Անտեսանելին միայն մտահոգություն է առաջացնում։ Հասկանում եմ, որ սահմանազատումը երկար և անհեռանկար աշխատանք է, գուցե տասնյակ տարիներ տևի, որովհետև շատ հարևանների հետ մինչև հիմա դեռ սահմանազատում չունենք։ Սպասել այդ օրվան, որ կարողանանք մեր առաջնագիծն ապահովել, չգիտեմ՝ ում հույսով։ Առավել ևս Ալիևի և ադրբեջանցի մյուս գործիչների հռետորաբանության ֆոնին»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել