Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են,որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։

Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։

Ժամանում են նաև ոստիկանության քրեագիտական վարչության քրեագետները։  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։

Դեպքի վայրի զննությամբ քննչներն առգրավել են հայտնաբերված ավտոմատը, ատրճանակը, կրակված պարկուճները, «բարսետան»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել