Hraparak.am-ը գրում է.

Ինձ ամբողջ աշխարհն է ճանաչում, բա անհարմար չէ՞ էսքան նվիրումից հետո ինձ կասկածեն շորթման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ»,- ասում է Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նա վստահ է՝ հանցանք չի գործել, շինծու մեղադրանքով հարվածի տակ են դրել իր բարի համբավն ու հեղինակությունը: «Լոս Անջելեսի եւ ֆրանսիական 3 քաղաքի հետ հռչակագիր ունենք. պաշտոնական փոխայցեր ենք ունեցել, համագործակցություններ ու օգնություններ՝ նաեւ պատերազմից հետո, բայց դատախազությունը մի հարվածով վստահության խնդիր դրեց»,- ասում է նա: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի նախկին ղեկավարի նկատմամբ, նրա կողմից պետական աջակցության շահառուների ցուցակներում, ակնհայտ կեղծ տեղեկություններով, 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ: Արծվիկ Սարգսյանի արարքը, ըստ դատախազության, պետությանը պատճառել է 2 մլն 100 հազար դրամի նյութական վնաս: «ՀՀ կառավարության որոշմամբ տարհանված քաղաքացիներին միանվագ 300 հազար դրամ սոցիալական նպաստ պետք է տրվեր:

Աշխատանքային խումբ կազմեցինք՝ ներառելով մանկապարտեզի դաստիարակներից մինչեւ ավագանու անդամներ, ու սկսեցինք ուսումնասիրել: Մոտ 6 հազար հոգու հետ ենք աշխատել, ցուցակը կազմել ենք այն մարդկանց անուններով, որոնք վերջին 3 եւ ավելի ամիսներին բնակվել են Շուշիում. որոշման պահանջն էր: Բայց պարզվել է՝ ցուցակում 7 հոգու անուն կա, որոնք շահառու չեն: Էդ մասով էլ քրգործ է հարուցվել»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ քրգործի շրջանակներում ստեղծված հանձնաժողովը պարզել է, որ 7-ից 3-ն իրոք Շուշիի գրանցում են ունեցել, բայց քանի որ 2-րդ կարգի հաշմանդամ են, բնակվել են Ստեփանակերտում՝ հարազատների մոտ: «Կա՛մ նրանց 5-6 հոգանոց ընտանիքները պետք է տեղափոխվեին Շուշի՝ իրենց հարազատին խնամելու, կա՛մ հարազատին պետք է տանեին իրենց մոտ՝ Ստեփանակերտ: Ընտրել են 2-րդ տարբերակը: Հանձնաժողովը հաստատել է դա, եւ այդ 3-ը ճանաչվել են շահառու»: Իսկ 4 հոգին, Սարգսյանի ասելով, թյուրիմացաբար են հայտնվել ցուցակում: «Թյուրիմացություն հնարավոր է, հանցագործություն՝ ոչ»,- ասում է Շուշիի նախկին ղեկավարը, որին ցավ է պատճառում իր հարազատ քաղաքում տնավորված ադրբեջանցիների հրճվանքը՝ իր դեմ հարուցված քրգործի մասով:

«Գործ հարուցելով՝ լեզու են դրել ադրբեջանցիների բերանը: Ասում են՝ տեսեք, Շուշիի քաղաքապետն ինչ հանցագործություն է արել, բայց չէ՞ որ չարաշահում ու դիտավորություն, առավել եւս՝ շորթում, չի եղել: Ինչո՞ւ ենք նրանց ուրախացնում… Բա ինչի՞ չեն հիշում, թե ոնց՝ առանց մարդկային կորուստների շուշեցիներին տարհանեցի քաղաքից: Ոնց էի ցերեկները զբաղվում բնակիչների հարցերով, գիշերները, որպես վաշտի հրամանատար՝ դիրքերով: Քրեական գործ հարուցելուց էդքանն ինչի՞ հաշվի չառան…»։

Արծվիկ Սարգսյանը չի բացառում, որ իրեն թիրախավորել են քննադատության համար: Մի շարք հարցազրույցներում ասել է, որ Շուշին հանձնել են: «Ասել եմ էն, ինչ տեսել եմ: Եթե պաշտպանությունը ճիշտ կազմակերպեին, Շուշին կմնար: Թուրքը հասել էր Քարինտակ, գոնե այդտե՛ղ կարելի էր ողնաշարը ջարդել. 92-ի հունվարի 26-ին նման նախադեպ ունեցել ենք. ադրբեջանցու մեջքը կոտրեցինք հենց Քարինտակում»:

Արծվիկ Սարգսյանն ասում է, որ իր աջակիցներին մի կերպ է զսպում, որ ի պաշտպանություն իրեն՝ փողոց դուրս չգան, միտինգներ չանեն: «Հո պետությանը դեմ չե՞մ գնալու, կարեւորը՝ խիղճս մաքուր է, գումար չեմ շորթել, պաշտոնը չեմ չարաշահել»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել