Ինձ համար որևէ անակնկալ չկար, որ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գործը կկարճվի, անակնկալ չկար, որ, փաստորեն, ես եմ միջադեպի միակ և հնարավոր մեղավորը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ում մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ խուլիգանություն, որը  զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

«Ես ստիպված կլինեմ այս առիթն օգտագործել հանրությանն ինչ-որ օգուտ տալու համար, կգովազդեմ համաշխարհային մշակույթի կարևորագույն գործերից մեկը՝ «Եղջերուների որսորդը» ֆիլմը»,-հավելեց Դանիելյանը։

Նա նշեց՝ դատախազն այսօր հրաժարվել է ներկայանալ նիստին, և այն հետաձգվում է։  «Դեպքը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ, առաջին նիստը պետք է տեղի ունենար մեկ տարի հետո, սակայն տեղի չի ունենա։ Չեմ պատկերացնում՝ երբ դատավարությունը տեղի կունենա։ Սա ինձ համար նույնպես անակնկալ չէ»,-ասաց Դանիելյանը՝ նշելով նաև, թե քաղաքական առումով այս ամենը շատ մեծ նշանակություն ունի։

«Մանավանդ վերջին կես տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր համարող գրեթե բոլոր քաղաքական գործիչները իրենց ելույթներում պնդում են, որ այս իշխանություններն ու նրանց կամակատարները պետք է րոպե առաջ հեռանան, նույնիսկ՝ սպանվեն, բայց, ի հեճուկս բոլոր այդ կոչերի, որևէ բան տեղի չի ունենում։ Ըստ էության, այս իշխանության ներկայացուցիչներից ընդամենը երկու հոգի են խնդիր ունեցել փողոցներում՝ մեկը՝ Ալեն Սիմոնյանը, մյուսը՝ Արարատ Միրզոյանը։ Իմ կարծիքով՝ ամենակարևոր հարցը, որ հանրությունն ինքն իրեն պետք է տա, հետևյալն է՝ որն է պատճառը, որ քաղաքական գործիչները անընդհատ հայտարարություններ են անում, բայց դրանք ոչ մեկը կյանքի չի կոչում»,-ասաց Դանիելյանը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի համառոտ նկարագրի՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ գործն առնչվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ պարզաբանում էր տվել Ալեն Սիմոնյանը և հայտնել. «Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել