Hraparak.am-ը գրում է.

25-ամյա Վազգենը, որ Հայաստանից է, որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Գերի է ընկել Հադրութում՝ ադրբեջանցիների կողմից կռվող վարձկանների հետ ունեցած հրաձգության ժամանակ։ Վազգենը ծանր վիրավորված է եղել եւ այն պահին, որ նրան գերի են վերցրել վարձկանները, արդեն յոթ օր անշարժ պառկած է եղել եւ սնվել է մոտակա խնձորենուց թափված խնձորներով։ Վազգենին վարձկանները տեղափոխել են ադրբեջանական ռազմական օբյեկտ։ Նրան մի քանի ժամ տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը՝ դաժանաբար ծեծելով։ «Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին որովայնիս վերքի մեջ։ Նրանք աչքերիս մեջ չիլի պղպեղ էին լցնում եւ այրում ձեռքերս։ Ծեծում էին մահակներով։ Ամեն անգամ, որ փոխանցում էին նոր զինվորների խմբի, ինձ ծեծում էին ու խոշտանգում»,- պատմել է Վազգենը։

Նաեւ ստիպել են տեսանյութ նկարահանել, որում նա վիրավորել է Հայաստանի վարչապետին։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականը հարվածում է Վազգենի գլխին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վիրավորում Հայաստանի վարչապետին։ Մինչեւ 220 գերիներից 60-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ նրանցից շատերը ենթարկվել են դաժան վերաբերմունքի։ Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ նրանց ահաբեկիչներ են, որոնք անօրինական կերպով են մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Human Rights Watch-ը հայտնում է, որ գերիներից շատերը, ինպես Արմենը, ենթարկվել են մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի։ Կազմակերպության Կովկասյան ներկայացուցիչները կարծում են, որ նրանց պետք է ճանաչել ռազմագերիներ եւ ազատ արձակել։ «Անկախ այն հանգամանքից, թե այդ անձինք ինչ կարգավիճակ ունեն Ադրբեջանում, Բաքուն ունի հստակ պարտավորություններ՝ պաշտպանել նրանց իրավունքները եւ ապահովել պահման արժանապատիվ պայմաններ, երաշխավորելով, որ չեն ենթարկվի կտտանքների կամ արժանապատվությունը նսեմացնող, անմարդկային այլ վերաբերմունքի»,- ասված է Human Rights Watch-ի՝ VICE World News-ի հարցման պատասխանում։

ՄԻԵԴ-ն էլ տեղեկացրել է պարբերականին, որ 218 ռազմագերու միջանկյալ հարցմամբ է զբաղվում, որոնցից 186-ի հանդեպ կիրառել է 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցը, որը կիրառվում է այն ժամանակ, երբ առկա է անխուսափելի սպառնալիք, որ տվյալ անձին կարող է անդարձելի վնաս հասցվի։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ վերջերս հայտնաբերված հայ զինվորների դիակները այն զինվորներն են եղել, որոնք մի քանի ամիս առաջ ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերում դեռ ողջ են եղել։ Տասնութամյա մի հայ զինվորի մասին տարածվել էր տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը նրա վրա գոռում է եւ նա պառկած է գետնին։ Ապրիլին հայտնաբերվել է նրա դիակը։ Ադրբեջանի իշխանությունները այս մեղադրանքին չեն պատասխանել։ «Ես ինձ անսահման երջանիկ եմ զգում, որ կրկին հայրենիքում եմ։ Կարծես վերստին ծնվել եմ։ Սակայն նաեւ ուզում եմ, որ մյուս զինվորներն էլ վերադառնան Հայաստան»,- Vice-ի հետ զրույցում ասել է վնասվածքներից ձեռնափայտով քայլող Վազգենը։ 

Քրիստինա Մազա, «Vice»-ի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել