«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դեմ արտահերթ ընտրություններին, ինչո՞ւ են իրավաբանները և անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հրաժարականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինչո՞ւ էին քաղաքական ուժերը փորձում ակտիվացնել փողոցը և հասնել հրաժարականին՝ հանրային ճնշման արդյունքում։ Որովհետև այս բոլոր մարդիկ հասկանում են, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չէ՝ հնարավոր չէր անցյալում, հնարավոր չէ նաև այսօր։

Դրա համար անհրաժեշտ է գիտակից և կիրթ հասարակություն, որը չի կաշառվում, չի վախենում, տարբեր շահերից դրդված չի քվեարկում և հասկանում է, որ իր քվեն ուժ է՝ իշխանություն ձևավորող ուժ։

Եթե հասարակության մեջ միշտ կա մի 30 տոկոս ընտրազանգված, որը ցանկացած պարագայում՝ անգամ ամենախայտառակ իշխանություններին պատրաստ է քվե տալու, ուրեմն անիմաստ է ակնկալել, որ ընտրությունները երկրում կարող են իրավիճակ փոխել։ Այդ առումով ամենահատկանշականը 2017 և 2018 թվականների ընտրություններն էին՝ դրանց համեմատական նկարագիրը։

Երբ 2017-ին հասարակության մի պատկառելի հատված՝ մոտ 700 հազար մարդ, հոժարակամ ընտրեց «Հանրապետականին»՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ դրանից ուղիղ մեկ տարի անց խելակորույս լցվեց փողոցները՝ «մերժեց Սերժին», 4-5 ամիս անց էլ 800 հազար ձայն տվեց այն ուժին, որի դաշինքով հանդես եկող միավորին՝ «Ելքին», 2017 թվականին ընդամենը 120 հազար ձայն էր տվել։

Մեզանում սկզբունքային, գիտակցված ընտրություն երբեք չի եղել։ Ընտրազանգվածի մի մասն ընտրել է գործող իշխանություններին, մի մասը՝ փողատերերին, մտածող մասը՝ իշխանություններին դեմ գնացող ուժին։ Ընտրել են ուժեղին, հաղթողին և անպայման նրանց, ումից ինչ-որ ակնկալիքներ ունեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել